26 հունիս, 2019 15:57

Մոսկվայի դատարանը երկարաձգել է Խաչատուրյան քույրերի խափանման միջոցի ժամկետը

Մոսկվայի դատարանը երկարաձգել է հորը սպանած Խաչատուրյան քույրերի խափանման միջոցի ժամկետը մինչև հուլիսի 28-ը,  հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

Մոսկվայի Բասմանի դատարանում երկու զուգահեռ նիստեր էին ընթանում․ առաջինում քույրերից երկուսի՝ Քրիստինայի և Անգելինայի գործն էր, մյուսում՝ Մարիայի, որը հոր սպանության ժամանակ անչափահաս էր։ 

Երեք քույրերին արգելվում է տնից դուրս գալ երեկոյան ժամը 7-ից մինչև առավոտյան 7-ն ընկած հատվածում, օգտվել համացանցից, խոսել մարդկանց հետ իրենց գործի մասին։ 

2018-ի հուլիսին ռուսաստանաբնակ երեք հայ քույրերը սպանել էին իրենց հորը՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին։ Պատճառը՝ հոր կողմից իրենց նկատմամբ պարբերական բռնություններն ու սեռական ոտնձգություններն էին։ 

Աղջիկները հորը դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել։ Սպանությունից հետո նրանք զանգել են ոստիկանություն և հայտնել կատարվածի մասին։

Աղջիկները պատմում են, որ հայրը մշտապես վատ է վերաբերվել իրենց՝ հայհոյել, ծեծել, անգամ սեռական բռնության ենթարկել։

Մի քանի ամիս տևած քննությունից հետո թվում էր, թե քույրերին հնարավոր է արադարացնել, սակայն հունիսի 14-ի քույրերին առաջադրված մեղադրանքը (խմբակային կանխամտածված սպանություն) աղջիկներին սպառնում է մինչև  20 տարվա ազատազրկում։

Իրավապաշտպաններն այժմ պայքարում են, որ մեղադրանքը հանվի՝ ապացուցելով, որ աղջիկների արածը բացառապես ինքնապաշտպանություն է, և որ նրանք այդ քայլին ստիպված են գնացել։ 

Սաթենիկ Հակոբյան