26 հունիս, 2019 15:08

Քաղավիացիայում քննարկել են դեպի Ռուսաստան չվերթերի ավելացումը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում կայացել է հանդիպում դեպի ՀՀ կանոնավոր փոխադրումներ իրականացնող ռուսական ավիաընկերությունների և տեղական «Ավիակոմպանիա Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել է ռուս-վրացական օդային փոխադրումների ոլորտում ստեղծված ներկայիս իրավիճակը, Հայաստանի տարածքով նշված ուղևորահոսքերի սպասարկման, չվերթերի ավելացման և ավելի տարողունակ օդանավերի ներգրավման հնարավորությունները:

Ըստ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ ներկայում Ռուսաստանից դեպի Հայաստան ինը ուղղություններով կանոնավոր չվերթեր է իրականացնում 11 ռուսական ավիաընկերություն, որոնցից վեցը (Ուրալյան ավիաուղիներ, Պոբեդա, Աերոֆլոտ, Սիբիր, Նորդավիա և Ռեդ Վինգս) չվերթեր են իրականացնում նաև Ռուսաստանից Վրաստան:

Քննարկմանը մասնակցող ավիաընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրավիճակի շուրջ իրենց ավիաընկերությունների նախատեսվող քայլերը, մասնավորապես.

«Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 8-ից նախատեսում է ավելացնել չվերթերի հաճախականությունը Թբիլիսի-Երևան և հակառակ ուղություններով օրական երկու անգամ, ինչպես նաև թռիչքներ իրականացնել Երևան-Մոսկվա և հակառակ ուղություններով՝ օրական երկու անգամ: «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության տնօրենը նշել է, որ նախատեսում են չվերթեր իրականացնել Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Բաթումի-Գյումրի ուղություններով:

«Աերոֆլոտ» ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ իրենք պատրաստ են Վրաստանից դեպի Ռուսաստան ավիատոմսերը անվճար փոխանակել ՀՀ-ից իրականացվող չվերթերի ուղևորատոմսերով: Նա նաև հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է ավելացնել դեպի ՀՀ փոխադրումների հաճախականությունը:

«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ քննարկվում են տարբերակներ Վրաստանում առկա ուղևորահոսքը Թբիլիսիից և Բաթումիից հայկական ավտոբուսներով Երևան փոխադրելու և այնուհետև ավիաընկերության օդանավերով դեպի Ռուսաստան տեղափոխելու շուրջ:

Ըստ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ Ռուսաստանից Վրաստան թռիչքների 60 տոկոսն իրականացնում է «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը: Հուլիսից ավիաընկերությունը նախատեսում է շաբաթական յոթ օր հաճախականությամբ չվերթեր ավելացնել դեպի Մոսկվա, որոնք կկատարվեն Մոսկվայի «Ժուկովսկի» օդանավակայանից, ինչպես նաև շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ կավելացվի Սանկտ Պետերբուրգից Երևան չվերթերի քանակը: Նախատեսվում են թռիչքներ նաև Գյումրիի օդանավակայանից:

«Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք ցանկանում են բանակցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության հետ՝ Ռուսաստանից դեպի Գյումրի փոխադրված ուղևորներին երկաթգծով դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ փոխադրելու շուրջ: Նման փոխադրում նախատեսում են նաև իրականացնել ավտոբուսներով:

«Սիբիր» ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ առաջիկայում կներկայացնեն դեպի ՀՀ կանոնավոր չվերթերի հաճախականությունն ավելացնելու նոր հայտեր:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է իր պատրաստակամությունը սեղմ ժամկետներում արձագանքել և հնարավոր աջակցություն ցուցաբերել տեղական և այլ ավիաընկերություններին նման փոխադրումների թույլտվությունների տրամադրման հարցում:

Աղբյուրը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե