27 հունիս, 2019 16:28

Ավտոմաքսատունը Գյումրի չի գնա․ ՊԵԿ-ը չի կատարում վարչապետի հանձնարարականը 

Չնայած վարչապետի հանձնարարականին և հնարավոր տնտեսական օգուտներին՝ ավտոմաքսատունը Երևանից Գյումրի չի տեղափոխվի։ Այս մասին պարզ է դառնում Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ)՝ Սիվիլնեթին տրամադրած հարցման պատասխաններից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 9-ին ՊԵԿ կառույցներ կատարած շրջայցից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց՝ տեղեկացնելով, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու համար։ Հանձնարարականը, սակայն, ՊԵԿ-ի կողմից չի կատարվում։ 

Սիվիլնեթը հետաքրքրվել էր, թե ինչ արդյունքներ են գրանցվել ավտոմաքսատան տեղափոխության հարցում, երբ են նախատեսում իրականացնել այդ գործընթացը։ Ի պատասխան՝ ՊԵԿ-ը տեղեկացրել է, որ մտադիր է ստեղծել «արտաքին տնտեսական գործունեության ժամանակակից կենտրոններ»։ 

Իր այս նախաձեռնությունը ՊԵԿ-ը անվանել է «ավելի համապարփակ առաջարկություն»՝ նշելով, որ մաքսային նման կենտրոնի ստեղծումը մաքսային գործառնությունների կոնցեպտուալ նոր մոտեցում է։ 

Հարցին, թե ինչ վերլուծություն է ընկած ավտոմաքսատունը ոչ թե տեղափոխելու, այլ նման կենտրոն ստեղծելու հիմքում, ՊԵԿ-ից պատասխանել են․ «Այդ առաջարկության նպատակն է քաղաքացիների մաքսային ձևակերպումների հետ կապված հնարավորինս լայն շրջանակներում ծառայություններ մատուցել նրանց բնակավայրին մոտ տեղակայված մաքսային մարմիններում»։ 

Ենթադրվում էր, որ ավտոմաքսատան տեղափոխումը իր հետևից տնտեսական ակտիվություն կբերեր Գյումրիում՝ հանգեցնելով հանրապետության երկրորդ քաղաքում հարակից ծառայությունների ստեղծմանը և զարգացմանը։ 

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Սիվիլնեթի հետ զրույցում ասաց, որ այս թեմայով իր հետ քննարկումներ չեն ունեցել։ «Ես կարող եմ ասել, որ ավտոմաքսատան էֆեկտը ավելի արագ է ու ակնհայտ, այն քաղաքի տնտեսության վրա ազդեցություն կունենա։ Մաքսային այլ կենտրոնի կոնցեպտի մասին տեղեկություն ես չեմ ստացել»,- նշեց մարզպետը՝ հավելելով, որ իր համար ամենացանկալին հենց ավտոմաքսատան տեղափոխումն է։ 

Պետրոսյանը տեղեկացրեց, որ այս թեմայով գրություն են պատրաստել և ուղարկել կառավարություն՝ շեշտելով ավտոմաքսատան տեղափոխման կարևորությունը։ 

Մկրտիչ Կարապետյան