27 հունիս, 2019 18:19

Գալիս էին բերդ, ինձ ծեծում ու գնում․ Շուշիի նախկին բանտարկյալ

Տիգրան Օհանջանյանին Արցախում 2014-ի հունիսին զենք-զինամթերք կրելու ու ապօրինի պահելու մեղադրանքով բերման են ենթարկել ապա ձերբակալել։ Օհանջանյանը պատմում է, որ 13 օր շարունակ իրեն ծեծի են ենթարկել ոստիկանությունում, թույլ չեն տվել կապ հաստատել ընտանիքի անդամների ու փաստաբանի հետ։ Նրան մեղադրել են նաև ավազակային հարձակման համար և դատապարտել յոթ տարվա ազատազրկման։ «2014-ին «Շուշի» քրեակատարողական հիմնարկի պետը Մարատ Շաբոյանն էր։ Այդ ընթացքում ցանկացած մարդ կարողանում էր մտնել բանտ, դատապարտյալի կամ կալանավորի ծեծի ենթարկել, ու դա նորմալ երևույթ էր»,- պատմում է Օհանջանյանը։ 

Նա ասում է, որ 2014-ի հունիսի 13-ին իրեն տեղափոխել են «Շուշի» քրեակատարողական հիմնարկ և յոթ ժամ ծեծի ենթարկել՝ ոստիկանական սենյակները չավլելու համար։ Նա անազատության մեջ է եղել 4 տարի և 7 ամիս։ Նա ՀՀ քաղաքացի է, երկու անգամ դիմել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ խնդրելով իրեն տեղափոխել Հայաստանի բանտերից մեկը, սակայն մերժում է ստացել։ Նախկին բանտարկյալը շեշտում է, որ անազատության մեջ իրենք չեն տեսել Արցախի մարդու իրավունքների պաշտպաններին, միայն Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանն է այցելել իրեն և մյուս բանտարտյալներին։ 2018-ին Հայաստանի Թավշյա հեղափոխությունից հետո նա ազատ է արձակվել. «Եթե այդ հեղափոխությունը չլիներ, ես առ այսօր կլինեի բանտում»։

ՍիվիլՆեթը ուսումնասիրեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2014-17 թթ. տարեկան զեկույցները, որտեղ նշվում է, որ պաշտպանը մշտապես այցելել է «Շուշի» բանտ և զրուցել անազատության մեջ գտնվողների հետ։ Արձանագրվում է նաև, որ  «հանդիպումների ընթացքում չեն ներկայացվել քրեակատարողական հիմնարկի աշխատակազմի կողմից վատ վերաբերմունք դրսևորելու, այդ թվում` ֆիզիկական ուժ կիրառելու մասին բողոքներ»։