27 հունիս, 2019 22:15

Դուշանբեն պետք է դառնա «Դուշանբե պլյուս»․ Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ «Դուշանբեն պետք է դառնա «Դուշանբե պլյուս»։ Նախարարն այս հայտարարությունն արել է՝ անդրադառնալով 2018թ․ սեպտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դուշանբեում ձեռք բերած պայմանավորվածությանը, որից հետո լարվածությունը շփման գծում նվազել էր։

Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի հետ Երևանում հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը արտգործնախարարը ի շարս այլ հարցերի պատասխանել է հունիսի 20-ին Վաշինգտոնում ադրբեջանցի պաշտոնակցի հետ իր հանդիպման մասին հարցին։

- Պարոն Մնացականյան, կխնդրեի մի փոքր մանրամասնեիք Ձեր և Մամեդյարովի հանդիպումը: Նա լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ կողմերին տրամադրվել են փաստաթղթեր համանախագահների կողմից և նշել է, որ այդ փաստաթղթերն արդեն 15 տարի է՝ բանակցվում են, և նաև ընդգծել է, որ  այդ փաստաթղթերը հստակեցման կարիք ունեն, պետք է համանախագահները հստակեցնեն: Դուք ի՞նչ կասեք այդ մասին: Մամեդյարովն ամեն կերպ նշում է, որ նրանք կողմ են փուլային տարբերակին:

- Վստահ եմ, որ Դուք շատ լավ  ծանոթ եք համանախագահների հայտարարությանը, և նաև իմ գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հարցազրույցին, որ տվել էր  «Ազերթաջ» գործակալությանը՝ հունիսի 24-ին: Եվ այդ առումով վստահ եմ՝ հասկանում եք, որ իր այդ հարցազրույցի մեջ նա անդրադառնում է որոշ հարցերի, որոնք վերաբերում էին մեր հանդիպմանը Վաշինգտոնում: Եվ ես իմ կողմից կասեմ, որ մենք իրապես քննարկել ենք հարցերի բավական լայն շրջանակ, որոնք կառուցվում են այն ամբողջ երկխոսության վրա, որ տեղի է ունեցել մինչև Վաշինգտոնի հանդիպումը, և ունեցել ենք հարցերի բավական լայն շրջանակ:

Առանձնահատուկ էր այն, որ հանդիպումը տեղի էր ունենում այնպիսի պայմաններում, երբ  մենք հանդիպմանն ընդառաջ ունեցանք լարվածության որոշակի աճ, և բնականաբար դա չէր կարող իր ազդեցությունը չունենալ: Բնականաբար մեր քննարկումներում բավական մեծ տեղ հատկացրինք այդ իրողությանը, և քննարկեցինք այն բոլոր քայլերը, որ անհրաժեշտ են, որպեսզի մենք լարվածությունը նվազեցնենք, որպեսզի խուսափենք որևէ լրացուցիչ զարգացումներից, որոնք ավելի կսրեն վիճակը: Մեզ անհրաժեշտ է անդրադառնալ այն իրավիճակին, որ մինչև լարումն էր, և դա մեծ նշանակություն ունի։ Մենք ունենք այստեղ մի քանի նախաձեռնություններ, որոնք համանախագահների կողմից նույնպես առաջ են բերվել: Կարծում եմ, որ այս առումով կկարողանանք հասնել իրավիճակի, որ մինչև հաջորդ հանդիպումը կարողանանք գրանցել՝ կարողանում ենք պահպանել մի միջավայր, որը նպաստում է խաղաղության գործընթացին:

Շատ լավ հիշում եք, որ խաղաղությանը նպաստող միջավայրը մեզ համար չափազանց կարևոր, գերակա խնդիրներից մեկն է: Այդ միջավայրն իր մեջ պարունակում է երկու կարևոր բաղադրիչ, որից մեկը վերաբերում է մարդկային շփումներին, հռետորաբանության նվազեցմանը և այնպիսի մի միջավայրի, որ այդ ատելության մթնոլորտը զարգացում չի ստանում, այլ հակառակը:

Դրա մյուս բաղադրիչը այն է, որ մենք պետք է շարունակենք ռիսկերի էսկալացիայի նվազեցման ուղղությամբ ջանքերը: Սա նույնպես մի համակարգ է, որն իր մեջ պարունակում է տարբեր գործառույթներ: Մենք ունենք իրավիճակ, որը պահպանվում է Դուշանբեի պայմանավորվածությունների հիման վրա, և սա մնում է գերակա խնդիր մեզ համար: Դուշանբեն պետք է դառնա նաև «Դուշանբե պլյուս», որովհետև իրադրությունը և լարվածությունը ի ցույց դրեցին, որ մենք կարող ենք ամբողջովին սխալ ուղղությամբ գնալ, և այդ առումով, երբ մենք ունենք զոհեր, երբ ունենք զինադադարի խախտումներ, բնականաբար, ընդգծվում է կարևորությունն այնպիսի գործառույթների, ինչպիսիք են, օրինակ, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը և այդ մոնիթորինգի կարողությունների ուժեղացումը: Սանկտ Պետերբուրգը և Վիեննան դրա մասին են: Մեզ համար նախևառաջ էական են հենց այդ բովանդակային գործիքները, որոնց գաղափարը կա և որոնց շուրջ անհրաժեշտ է աշխատել, որոնք ուղղված են մեկ կարևոր նպատակի՝ պահպանել խաղաղ գործընթացին նպաստող միջավայրը: Սա չափազանց էական է մեզ համար այն առումով, որ մենք չենք հավատում և չենք ընդունում այն, որ հնարավոր է արդյունավետ, գործնական առաջընթաց ունենալ խաղաղ գործընթացում, երբ որ տեղում իրավիճակը լարվում է:

Մենք չենք հավատում, որ հնարավոր է մեկ ձեռքով բանակցել, իսկ մյուս ձեռքով կրակել: Այդ մոտեցումն ապագա չի ունենա, և բազմիցս ասել ենք և կկրկնեմ, որ բանակցային գործընթացում սպառնալիքի լեզուն չի աշխատելու: Չի լինելու իրավիճակ, որ մենք բանակցենք սպառնալիքի ներքո: Չի կարող նման բան լինել: Նորից կրկնեմ՝ մեր ինքնավստահությունը մեծ է, և մենք այդ առումով սպառնալիքի ենթարկվող չենք և սպառնալիքի լեզուն չի անցնելու: Միևնույն ժամանակ, մենք ցանկանում ենք ուժեղացնել այն տարրերը, որոնք նպաստում են արդյունավետ բանակցային գործընթացին:

Հաջորդը վերաբերում էր նրան, որ գոյություն ունի բանակցային արդյունավետությանն ուղղված մեկ այլ հարց. դա Արցախի մասնակցության հարցն է: Այստեղ հարցը վերաբերում է նրան, որ սա առաջին հերթին ուժեղացնում է գործընթացի արդյունավետությունը, որովհետև Արցախը պետք է ունենա և ուժեղացնի խաղաղ գործընթացի նկատմամբ իր սեփականության զգացումը: Մենք բազմիցս խոսել ենք սրա մասին, սա ևս օրակարգային հարց է, որը քննարկել ենք:

Եվ վերջապես, բնականաբար մենք ունենք հարցեր, որ վերաբերում են բուն խաղաղ գործընթացի մանրամասներին, և այդ առումով գոյություն ունեն տարբեր մոտեցումներ, որոնց մենք անդրադարձանք Վաշինգտոնում անցկացված խորհրդակցությունների ժամանակ: Չնայած նորից կրկնեմ, որ ուշադրությունը, առաջին հերթին, այն գերակայության վրա է, որպեսզի անդրադառնանք խաղաղ գործընթացին նպաստող միջավայրին:

Ինչ վերաբերում է խաղաղ գործընթացի  ավելի բովանդակային  հարցերին, շատ լավ գիտեք, որ մեզ համար առաջնային խնդիրը վերաբերում է կարգավիճակին և Արցախի կողմից ինքնորոշման իրավունքի անվերապահ իրագործման գերակայությանը, և այդ առումով մենք նույնպես գնահատել ենք տարբեր հարթություններ, ձևաչափեր, և նաև նշել, որ մեզ անհրաժեշտ է նախապատրաստվել այդ գործընթացին:

Ես անձամբ բավարարված եմ, որ մենք ունեցել ենք այս տարվա ընթացքում բավական ակտիվ ներգրավվածություն, և հանդիպումների դինամիկան եղել է բարձր, և դա շատ նորմալ է, շատ լավ է, և մենք մտադիր ենք դա շարունակել: Քննարկել ենք, թե ինչպես ենք շարունակելու այս գործընթացը և ինչ ենք անելու հաջորդ քայլերի համար: Ունենք որոշ նախանշած ծրագրեր և նորից, երբ մենք կունենանք հաջորդ հանդիպման մասին հայտնելու համաձայնեցված հայտարարությունը, բնականաբար կհայտնենք դրա մասին: Սա է հիմնականը:

Լրագրողների հետ արտգործնախարարի հարցուպատասխանն ամբողջությամբ՝ այստեղ։

Մարիա Եղիազարյան