27 հունիս, 2019 11:21

Հայաստանը պետք է նախաձեռնի ռուս-վրացական շփումներ

Ռոբերտ Ղազինյան, Մագդեբուրգի համալսարան

Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կրկին լարվել են: 

Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո Ռուսաստանը անհայտ ժամանակով դադարեցրեցրեց օդային հաղորդակցությունը Վրաստանի հետ և հորդորեց իր քաղաքացիներին չայցելել հարևան երկիր հանգստի նպատակներով: Տնտեսագետների հաշվարկներով ռուսական զբոսաշրջիկների հետկանչը երկարաժամկետ կտրվածքով լուրջ ազդեցություն կարող է ունենալ վրացական տնտեսության վրա՝ այդ երկրին պատճառելով հարյուր միլիոնավոր դոլարների վնաս: 

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցույցերի առթիվ արած հայտարարությունում Ռուսաստանը անվանեց Վրաստանի թշնամի և օկուպանտ երկիր: Մտահոգիչ հանգամանքն այն է, որ այս իրավիճակը կարող է մնայուն լինել, իսկ ոչ բարենպաստ զարգացումների պարագայում՝ ընկղմվել ավելի սուր ճգնաժամային իրավիճակի մեջ: 

Կոնֆլիկտաբանության մեջ ճգնաժամային իրավիճակներում միշտ կարևորվում է կողմերի միջև հաղորդակցության հնարավորության կամ շփման որևէ հարթակի առկայությունը, ինչը հնարավորություն է ընձեռում կազմակերպել հանդիպումներ երկու կողմերի ներկայացուցիչների միջև ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական մակարդակով, փոխանակել մտահոգություններ և միասին առաջարկել իրավիճակի բարելավմանն ուղղված քայլեր: Հաղորդակցության հարթակների նպատակն այն է, որ մասնակիցների միջև ստեղծվի փոխադարձ վստահություն և հանդուրժողականություն միմյանց շահերի նկատմամբ, ինչը հետագայում նրանց կողմից կփոխանցվի իրենց հասարակություններին և ղեկավարող էլիտաներին: 

Ներկայում Ռուսաստանի և Վրաստանի միջև չկա շփման և հաղորդակցության համար նախատեսված միջազգային հարթակ, ինչը, հնարավոր ռիսկեր է պարունակում հետագա էսկալացիան կանխել չկարողանալու առումով: 

Ռուս-վրացական լարվածության այս նոր ալիքը բարենպաստ չէ հարավկովկասյան տարածաշրջանի համար, հատկապես Հայաստանի, քանզի ինչպես Ռուսասատանը, այնպես էլ Վրաստանը Հայաստանի համար ունեն չափազանց կարևոր նշանակություն և դժվար թե մոտ ապագայում կորցնեն այդ կարևորությունը:  Ըստ այդմ, ունենալով անկեղծ շահագրգռվածություն ռուս-վրացական հարաբերությունների բարելավման ուղղությամբ, Երևանը պետք է ձեռնամուխ լինի նրանց միջև երկարաժամկետ շփման պլատֆորմի ստեղծմանը: Այն պետք է լինի մի հարթակ, որտեղ Ռուսասատանի և Վրաստանի ներկայացուցիչները հնարավորություն կունենան հանդիպել և քննարկել իրենց հետաքրքրող և երկկողմ հարաբերությունների բարելավմանն ուղղված հարցեր: Ընդ որում, անպայման չէ պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությունը: Որոշ դեպքերում շատ ավելի արդյունավետ են կիսապաշտոնական (Track 1.5) կամ ոչ պաշտոնական (Track 2) դիվանագիտության ձևերը, որտեղ մասնակիցները ավելի ազատ են իրենց կարծիքները արտահայտելու գործում: 

Մեկ այլ տարբերակ է խորհրդարանական դիվանագիտությունը՝ Հայաստանի Ազգային ժողովի նախաձեռնությամբ:  Այս պարագայում ՀՀ ԱԺ հովանու ներքո հանդիպումներ կարող են կազմակերպվել ռուս և վրացի խորհրդարանականների միջև, որոնք ևս պետք է նպատակ հետապնդեն խորացնելու վստահությունը և հարգանքը միմյանց նկատմամբ: Մասնակիցներին պետք է հնարավորություն տրվի բարձրաձայնել իրենց հասարակություններում առկա պատկերացումները, կարծրատիպերն ու խնդրահարույց հարցերը դիմացի կողմին ուղղված ՝ դա անելով լուծումներ գտնելու նպատակով: 

Ռուս-վրացական շփումների կազմակերպման երրորդ տարբերակը կարող է լինել այսպես կոչված հոգևոր դիվանագիտությունը, որի նախաձեռնությունը պետք է գա Հայ առաքելական եկեղեցուց և աջակցություն ստանա Ռուս և Վրաց ուղղափառ եկեղեցիների կողմից: Այս պարագայում կարելի է մտածել շփման տարբեր ֆորմատներ՝ տարբեր մասնակիցներով, սակայն դրանց վերջնական նպատակը ևս պետք է ուղղված լինի կողմերի միջև վստահության հաստատմանը:

Կարևոր է հաշվի առնել մի քանի հանգամանք, եթե նմանատիպ նախաձեռնություն տեղի ունենա: 

1. Միջոցառումների նախաձեռնողը, կազմակերպողը և ֆինանսավորողը պետք է լինի Հայաստանը: Մեկ այլ երկրի մասնակցությունը կարող է անհարկի կասկած առաջացնել մասնակիցների մոտ, ինչի արդյունքում նախաձեռնությունը կվիժեցվի 

2. Մինչ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը պետք է այդ մտադրության մասին տեղեկացնել կողմերին պաշտոնական խողովակներով, ինչպես նաև ներկայացնել մանրամասնություններ միջոցառման կազմակերպման, ընթացքի և ցանկալի արդյունքի մասին, լավագույն դեպքում՝ ստանալ նրանց համաձայնությունը, իսկ վատագույն դեպքում՝ չեզոքությունը: Այլապես կարող է  առաջանալ անվստահության մթնոլորտ, ինչը իր հերթին բացասական կանդրադառնա հենց Հայաստանի վրա: 

3. Պետք է գիտակցել, որ կարճաժամկետ միջոցառումները չեն կարող ապահովել մնայուն արդյունք, ուստի պետք է տրամադրվել երկարաժամկետ աշխատանքի՝  կազմելով գործողությունների երկարաժամկետ պլան:  

Ռոբերտ Ղազինյանը Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի Խաղաղության և կոնֆլիկտների ուսումնասիրության բաժնի մագիստրոս է: Աշխատել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի խաղաղարարական բաժնում՝ որպես ծրագրերի օգնական-համակարգող: