27 հունիս, 2019 15:37

Վահե Գրիգորյանը չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությանը. ՍԴ որոշում

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությանը, տեղեկացնում է ՍԴ կայքը։ Որոշումը հիմնավորվել է այն հանգամանքով, որ Վահե Գրիգորյանը «կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկողների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է այդ գործերի քննությանն այլ դատարաններում»։

Սահմանադրական դատարանն ավելի վաղ վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումները։  

Վահե Գրիգորյանը՝ որպես Մարտի 1-ի գործով զոհվածների իրավահաջորդների ներկայացուցիչ, բողոք էր բերել Վերաքննիչ քրեական դատարան, որը բավարարվեց հունիսի 25-ին։

Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի՝ արդեն վարույթ ընդունված դիմումները միավորել է և միավորված գործի դատաքննությունը նշանակել օգոստոսի 29-ին։ Վահե Գրիգորյանը չի մասնակցի նաև այս նիստերին։

Ռոբերտ Քոչարյանը վիճարկում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը։ Նրա փաստաբանները բազմիցս հայտարարել են, որ այդ հոդվածը չի կարող տարածվել պաշտոնաթող նախագահի վրա։ Պաշտպանական կողմն այս պնդումը հիմնավորում է նրանով, որ 2008-ին նման հանցակազմով հոդված գոյություն չուներ, և միայն 2009-ի Քրեական օրենսգրքում փոփոխությունների արդյունքում է այդ հոդվածը ներառվել օրենքում։ 

Գևորգ Թոսունյան