28 հունիս, 2019 15:51

Հայաստանն ու Ադրբեջանը քաղաքացիներ են փոխանակել՝ Կարմիր խաչի միջնորդությամբ

Հունիսի 28-ին Հայաստանի և Ադրբեջանի մեկական քաղաքացիներ հայրենադարձվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ։ Այս տեղեկատվությունը ՍիվիլՆեթին փոխանցեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Գործողությունը տեղի ունեցավ հայկական Իջևան և ադրբեջանական Ղազախ քաղաքների միջև՝ միջազգային սահմանի հատվածում։ Հայրենադարձման գործողության արդյունքում Ադրբեջանի քաղաքացին, որը Հայաստանի իշխանությունների կողմից ձերբակալվել էր 2019-ի մարտի 16-ին, իսկ Հայաստանի քաղաքացին, որը Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալվել էր 2017-ի հունիսի 25-ին, վերադարձան իրենց երկրները»,- նշեց տիկին Ամատունին։

Հայրենադարձված ՀՀ քաղաքացին Զավեն Կարապետյանն է։ Այս տեղեկությունը հաստատել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, իսկ հայրենիք վերադարձած ադրբեջանցին Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին է։

Զառա Ամատունին նաև հաղորդեց, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները հայրենադարձված անձանց ձերբակալումից հետո հետևել են նրանց պահման և առողջական վիճակին, անհրաժեշտության դեպքում օգնել են կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, ինչպես նաև ամեն ինչ արել են հայրեդարձման նախօրեին՝ համաձայն կազմակերպության մանդատի։

Այս պահին Ադրբեջանում գտնվում է երկու հայ քաղաքացի՝ մեկը Արցախից՝ Արսեն Բաղդասարյանը, մյուսը Հայաստանից՝ Կարեն Ղազարյանը։ Ամատունին տեղեկացրեց, որ նրանց ևս Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելում են և տեղեկանում առողջական վիճակի և պահման պայմանների մասին։


Գևորգ Թոսունյան