1 հուլիս, 2019 17:25

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը կարող է անցկացվել Գյումրիում

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը կարող է անցկացվել աշնանը Գյումրիում։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը։ Նա մասնավորապես ասել է, որ աշնանը Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ծրագրում է այցելել Հայաստան, այցը կարող է համատեղվել վերոհիշյալ նիստի հետ։

«Հաջորդ նիստը (միջխորհրդարանական հանձնաժողովի) Հայաստանում՝ Գյումրիում, անցկացնելու առաջարկ է հնչել՝ մոտավորապես հոկտեմբերի վերջին։ Մենք չենք կարող հստակ նշել անցկացման ժամկետը․ այն առանձին կհամաձայնեցնենք և բոլորին կտեղեկացնենք։ Դա կապված է այլ պաշտոնական այցերի հետ։ Վալենտինա Մատվիենկոն պետք է աշնանը լինի Հայաստանում, հնարավոր է՝ այդ այցը համատեղենք մեր միջոցառման հետ»,- ասել է Վորոբյովը՝ ամփոփելով հունիսի 28-ին Մոսկվայում տեղի ունեցած միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստի արդյունքները։ Նիստին քննարկվել է հասարակական կազմակերպությունների միջոցով երկկողմ հարաբերությունները բարելավելու հարցը։ Վորոբյովը նկատել է, որ Ռուսաստանում գործում է հայերի մոտ 300 ոչ առևտրային կազմակերպություն, մեծ համայնք կա։ 

«Մենք նրանց շատ հարգում ենք և կցանկանայինք, որ նրանք աշխատեն ի նպաստ մեր ժողովուրդների մերձեցման»,- ասել է Դաշնության խորհրդի փոխխոսնակը։