3 հուլիս, 2019 15:25

Ինչու՞ հավատացյալների թվի աճը չի հանգեցնում մերձավորասիրության

Գեղամ Բաղդասարյան

Հոդվածը տպագրվել է Անալիտիկոն հանդեսի 2019-ի հունիսի համարում

Նվիրվում է Տասը պատվիրանների պայծառ հիշատակին

Հայ հանրությունում գնալով ավելանում է ատելության խոսքը, իսկ քննարկումները դառնում են անզիջում ու անհաշտ։ Դրան զուգընթաց ավելանում է հավատացյալների թիվը՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի։ Ու սա՝ եկեղեցու և որոշ եկեղեցապետերի նկատմամբ հանրային անվստահության հաճախակի դրսևորումների խորապատկերում։ Ուղղակի աբսուրդի հասնող իրողություն է։ Ինչպես մեր ոչ վաղեմի անցյալի հետևյալ իրողությունը. որքան մեծանում էր արտագաղթը, այնքան աճում էր բնակարանաշինությունը։ Ո՞րն է տրամաբանությունը։ Սատանան անզորությունից կվնգստար։ Սակայն տրամաբանություն կարելի է հայտնաբերել բոլոր դեպքերում էլ։

Ինչու՞ հավատացյալների թվի աճը չի հանգեցնում հանրային մտքի խաղաղության և մերձավորասիրության։ Այս հարցին պատասխանելուց առաջ, սակայն, պետք է պարզել, թե իրո՞ք կա նման աճ և՝ թե ու՞մ ենք անվանում հավատացյալ։ Սա կօգնի մեզ ելք փնտրելու թվացյալ անիմաստությունից։

Հավատի, Աստվածահաճո կյանքով ապրելու, Մարդ լինելու չափանիշներն էն գլխից եղել են Քրիստոսի 10 պատվիրանները։ Բայց փորձեք հիշել, թե մեր եկեղեցականներից ու հենց մեզնից երբ ենք վերջին անգամ լսել այդ պատվիրանների մասին։ Դրանք վաղուց չափանիշ չեն։ Չափանիշ են մեր եկեղեցասիրությունն ու եկեղեցաշինությունը։ Թե ինչ հաճախականությամբ ենք եկեղեցի գնում (որքանով ենք պահում ծիսակարգը) և ինչքան ենք նվիրաբերում։ Ու վերջ։ Այս չափանիշը հանգեցրել է կրոնական ширпотреб-ի։ Միջնադարյան ինդուլգենցիայի ցինիկ ինստիտուտը հիմա քաղաքակիրթ տեսք ունի։ Կարևոր չէ՝ խաբու՞մ ես, շնանու՞մ ես, սպանու՞մ ես, թե՞ ոչ։ Կարևորը՝ հետևում ես բոլոր ծեսերին ու աջակցում ես եկեղեցուն (եկեղեցականներին)։ Կարևոր չէ՝ ինչպիսին ես կյանքում, կարևորը՝ եկեղեցում ու եկեղեցականների մոտ հեզ ու հնազանդ ես։ 

Արդյունքում ունենք ձևի ու բովանդակության անհաշտ պայքար։ Ձևի ու բովանդակության այս երկընտրանքում եկեղեցու կողմից ձևի ընտրությունն ամենևին էլ պատահական չէ՝ ձևը շահավետ է եկեղեցու (եկեղեցականների) համար, իսկ բովանդակությունում փողուշահ չկա։ Քո չխաբել-չշնանալ-չսպանելուց եկեղեցին շահ չունի։ Պետությունն ունի, իսկ եկեղեցին՝ ոչ։ Եկեղեցին էլ, ինչպես գիտենք, պետությունից անջատված է։ Պետությունից, բայց ոչ իշխանությունից (իշխանավորներից)։ Բայց իշխանությունն էլ շահ չուներ քո բարոյական կերպարից։ Իշխանության այն որակը, որ ունեինք, չէր խրախուսում բարոյականությունը։ Մեղմ ասած՝ չէր խրախուսում։ Որովհետև կսասանվեր իր անբարո հիմքը։Արդյունքում ունեցանք ձևի շարունակակական փառատոն։ Եկեղեցական տոների գրեթե համընդհանուր, համազգային մասնակցությունը որքան առերևույթ հոգևոր բավարարվածություն, նույնքան էլ լուրջ խոհածության տեղիք է տալիս:

Արդյո՞ք սա է դարձն առ Աստված, արդյո՞ք համազոր ու համարժեք են մեր հոգեվերափոխման ձևն ու բովանդակությունը: Մեր ոչ վաղեմի խորհրդային անցյալում այսօրվա պաշտամունքն ուղղակի աներևակայելի էր, և դժվար էր այն ժամանակ անգամ պատկերացնել, որ հազարավոր մարդիկ կայցելեն եկեղեցի, կխաչակնքեն ու կաղոթեն, իսկ խաչն էլ կդառնա գրեթե համընդհանուր պաշտամունքի կամ գործածության առարկա: Այն ժամանակներում քչերին էր բախտ վիճակվում անել այդ ամենը, կամ էլ` քչերն էին դրա պահանջը զգում: Բայց արդյո՞ք այսքանից կարելի է այն հետևությունն անել, որ այն ժամանակ մենք ավելի հեռու էինք Աստծուց ու հավատքից, և որ հիմա մերձեցել ենք (եկեղեցուց, այո, հեռու էինք, բայց արդյո՞ք հեռու էինք Աստծուց ու հավատքից)։ Որ այն ժամանակ մարդիկ նվազ ազնիվ ու բարեպաշտ էին, որ այն ժամանակ մարդիկ նվազ բարոյական էին, նվազ սրտացավ էին միմյանց նկատմամբ, որ սուտը, գողությունը, շնությունն այն ժամանակ ավելի շատ էին… 

Հավատացուցադրման մերօրյա մթնոլորտում փորձենք գոնե ինքներս մեզ համար պարզել` մենք հիմա քի՞չ ենք սպանում, քի՞չ ենք ստում, քի՞չ ենք գողանում, քի՞չ ենք շնանում: Կամ` մենք հիմա ավելի՞ շատ ենք սիրում մերձավորին, թե՞ ավելի ենք օտարացել: Հասկանում եմ, որ դժվար է այս հարցերին միանշանակ, առավել ևս` ամենայն անկեղծությամբ պատասխանելը, ուստի առավելագույնս հնարավոր անկեղծություն ապահովելու համար առաջարկում եմ ինքներս մեզ համեմատենք մեր իսկ ծնողների ու պապուտատերի հետ: Նրա՞նք էին ավելի ազնիվ, ավելի բարոյական, թե՞ մենք, նրա՞նք էին ավելի սրտացավ միմյանց նկատմամբ, թե՞ մենք: Այլ կերպ ասած` նրա՞նք էին ավելի բարեպաշտ, թե՞ մենք: Կամ ավելի ճիշտ` նրա՞նք էին Աստծուն ավելի մոտիկ, թե՞ մենք: 

Մի բան գոնե միանշանակ է` մենք ավելի շատ ենք զուր տեղը վկայակոչում Աստծուն, քան մեր ծնողներն ու պապուտատերը: Մեր ոչ վաղեմի անցյալում մեր ծնողները գոնե այս պատվիրանը կամա թե ակամա պահպանում էին, ինչն ավելի ազնիվ էր: Հիմա մենք աջուձախ վկայակոչում ենք Նրան, հիմա պարբերաբար այցելում ենք Նրա տունը, բայց շատերիս համար սա ավելի շատ կեցվածք է, քան հոգևոր դիրքորոշում, ավելի շատ ձև է, քան բովանդակություն: Մինչդեռ այս ամենը իմաստավորված կլիներ, եթե մեր հոգիներն էլ դառնան Նրա տունը, եթե մեր Տանն էլ այդ տասը պատվիրանները պահպանվեն: Սա շատ ավելի դժվար է:
 Դժվար է, դրա համար էլ նախընտրեցինք հեշտը՝ մերձեցանք եկեղեցուն ու հեռացանք Աստծուց։ Բայց, ի վերջո, ի՞նչ է եկեղեցին և ո՞րն է նրա առաքելությունը։ Ըստ իս, նրա (թե՛ շինության և թե՛ հաստատության) առաքելությունը Աստծո հետ զրուցելու համար հարմարավետ ու տրամադրող մթնոլորտի ստեղծումն է։ Մարդ պետք է գնա եկեղեցի ու զրուցի Աստծո հետ։ Իզուր չէ, որ հնում եկեղեցին Աստծո տունն են համարել։ Մարդ պիտի գա եկեղեցի ու իր հոգին ևս Աստծո տուն դարձնի։ Մարդ միայն սրա համար պիտի գա եկեղեցի։ Իսկ մենք հիմա գնում ենք եկեղեցի, որպեսզի լինենք…եկեղեցում։ Ի վերջո՝ մա՞րդն է եկեղեցու համար, թե՞ եկեղեցին՝ մարդու համար։ 

Քանիսի՞ հոգին է Աստծո տուն դարձել։ Միգուցե ա՞յս չափանիշով փորձենք պարզել հավատացյալների թիվը, որպեսզի հասկանանք՝ աճե՞լ է, թե՞ նվազել։ Միգուցե այս պարագայում հասկանանք, թե ինչու է ավելացել ատելության խոսքը և թե ինչու են մարդիկ մոռացել «Սիրի՛ր մերձավորիդ» բիբլիական պատվիրանը։

Այս պատվիրանն, ի դեպ, շատերս պարզունակ ու բառացի ենք հասկանում: Բառացի հասկանալը՝ սիրելը, շատ բարձր նշաձող է մարդկային հարաբերություններում: Փորձելով ապացուցել մերձավորին սիրելու իր կամքը՝ մարդ կարող է հասնել փարիսեցիության ու երկերեսանիության: Մերձավորներին սիրելն անհասանելի նշաձող է, ուստի այն պիտի իջեցնել մարդկային հասանելիության մակարդակին: Նախևառաջ պիտի կարողանանք ընդունել միմյանց այնպիսին, ինչպիսին կանք, հարգենք միմյանց ինքնությունը, խոսենք հավասարը հավասարի պես: Կարծեմ Մարկեսն է ասել. «Մարդ արարածը մեկ այլ մարդու վերից վար նայելու իրավունք ունի այն դեպքում միայն, երբ պետք է օգնել նրան ոտքի կանգնելու»: «Հարգի՛ր մերձավորիդ» պատվիրանը հասանելի նշաձող կլիներ մեր ժամանակներում, երբ մարդը մարդուն գայլ է դարձել։

Ինչ որ է, ձևի ու բովանդակության անտագոնիզմը և եկեղեցու կողմից ձևի նախընտրումը արդյունքում հանգեցրել է մարդկանց հոգեկան երկատված վիճակի, որից էլ ածանցյալ է մեր տոտալ փարիսեցիությունը։ Այս երկատվածություն-փարիսեցիությունն էլ, ըստ իս, դրսևորվում է մեր հանրությանը հուզող հարցերի քննարկումների ժամանակ և խոչընդոտում դրանց լուծմանը։ 

…Կանանց իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են` վերջին 10 տարում Հայաստանում շուրջ 100 կին է սպանվել ընտանիքում…2017 թվականին Հայաստանում մանկապղծության 71 դեպք է տեղի ունեցել։

Սրանք ահավոր տեղեկատվական պատառիկներ են այսօրվա մամուլից։ Երբ մարդիկ ու կազմակերպություններ փորձում են խոսել այս մասին, պայքարել դրանց դեմ՝ հանրության մի զգալի հատված իր ագրեսիվ կեցվածքով լռեցնում է նրանց։ Այս հատվածը համոզված է, որ արատների մասին խոսելը ջուր է լցնում մեր թշնամու ջրաղացին, խաթարում մեր ավանդականությունն ու «հայու գենը», իսկ խոսողներն էլ թշնամի են։ Հարց է ծագում՝ իսկ ովքե՞ր են կնասպաններն ու մանկապիղծները։ Նրանք մեր դաշնակիցնե՞րն են, ավանդական ընտանիքի երաշխավորնե՞րն են, թե՞ «հայու գենի» պահապանները։ Գոնե հասկանու՞մ ենք, թե ինչ ահավոր ծուղակի մեջ ենք ինքներս մեզ մտցրել։

Մեր երկատվածությունն ու փարիսեցիությունը հասցրել է նրան, որ խոսքով մենք մի կյանքի կողմնակից ենք, բայց իրականում ապրում ենք մեկ այլ կյանքով։ Ու ամենամեծ թշնամին նա է համարվում, ով խաթարում է այս «ստեղծագործական երկիմաստությունը»։ Մեզ հարմար, շատ հարմար երկիմաստություն-փարիսեցիությունը։Փորձե՛ք խոսել, ասենք, սեքսուալ ծառայությունների օրինականացման մասին։ Հանրության այդ նույն զգալի շերտը քեզ այլասերված կհամարի։ Նույն այդ շերտը չլսելու է տալիս գյուղերում երիտասարդների կողմից տարեց կանանց բռնաբարության դեպքերը, սեռավարակների մասին ահագնացող տեղեկատվությունը և ինքնին բուն երևույթի՝ սեքսուալ ծառայությունների ապօրինի մատուցման անհերքելի իրողությունը։

Մեր ավանդապահ հանրությունը շատ հանգիստ է ընդունում ընտանիքում ու հանրությունում կանանց իրավունքների ոտնահարումը, կնոջը ծեծել-խոշտանգելու-սպանելու դեպքերը։ Նույնքան հանգիստ է ընդունում, որ տղամարդիկ սեզոնային աշխատանքների են մեկնում՝ իրենց կանանց թողնում անտեր-անտիրական ու «սեզոնում» այլ կանանց տիրություն անում։ Ու սա համարվում է ավանդական ընտանիք։ 

Ըստ իս, մեր ապագան կախված է ձևի ու բովանդակության այս անհաշտ պայքարի ելքից։ Ոչ մի իշխանափոխություն և ոչ մի իշխանություն չի ապահովի արմատական բարեփոխումներ, եթե այս պայքարում շարունակի հաղթել ձևը, այլ ոչ թե էությունը։ Այս երկատված հոգեվիճակով մարդը չի կարող երկրի բարեփոխման հիմքը լինել։ Մենք պետք է կարողանանք հանրային հնչողության հարցերի շուրջ քննարկման անկեղծ մթնոլորտ ստեղծել։

Այստեղ մեծ անելիք ունի հենց եկեղեցին, այստեղ ուղղակի հրամայական է ոչ միայն պետություն-եկեղեցի հարաբերությունների, այլև մեր կյանքում բուն եկեղեցու դերի վերարժևորումը։

Հայ առաքելական եկեղեցին, ինչպես նկատում են մի շարք հայ դավանաբաններ, չունի սոցիալական ուսմունք, մինչդեռ եկեղեցիների սոցիալական ուսմունքները կարևորագույն դեր են կատարում ժամանակակից հասարակությունների սոցիալական կյանքում: Ինչպես նշում է դավանաբաններից մեկը, մեզ մոտ քրիստոնեությունը գոյություն ունի միայն վանքերում (նկատի ունի եկեղեցու գործունեության ներկայիս հիմնական՝ ծիսական կողմը): Հայ առաքելական եկեղեցին առավելապես դիմում է անհատներին՝ առանց դիտարկելու հասարակության մեջ առկա սոցիալական ուժերը և մեխանիզմները, եկեղեցական վերնախավը սովորաբար խուսափում է սոցիալական թեմաներին անդրադառնալուց` հիմնականում կենտրոնանալով հոգու փրկության խնդրին: Մինչդեռ, փաստում են դավանաբանները, եթե Հայ առաքելական եկեղեցին հավակնում է ունենալ հովվություն մարդկանց հոգեկան կյանքի, ապա պետք է ունենա որոշակի հայացք հասարակական կյանքի նկատմամբ: 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: