4 հուլիս, 2019 11:22

Ալիևը մեծ հույսեր է կապում Թրամփի հետ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միացյալ Նահանգների անկախության օրվա կապակցությամբ այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփին հղած նամակում հայտնել է, որ Ադրբեջանը մեծ հույսեր է կապում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի հետ ղարաբաղյան կարգավորման հարցում։

«Մենք մեծ հույսեր ենք կապում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի և անձամբ Ձեզ հետ, պարոն նախագահ, ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդար կարգավորման հարցում՝ միջազգային իրավունքի նորմերի համապատասխան և մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակում»,- ասված է շնորհավորական ուղերձում։

Ալիևը նշել է, որ մի շարք ոլորտներում ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցությունը կրում է «ռազմավարական գործընկերության բնույթ», այդ համատեքստում նա հիշատակում է «Հարավային գազային միջանցք» նախագիծն ու ահաբեկչության դեմ միջազգային պայքարը։