6 հուլիս, 2019 18:34

«Մեր նպատակն է Հայաստանը վերածել տեխնոլոգիական պետության». Փաշինյան

Հայաստանի վարչապետը Վիետնամի առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի խոշոր գործարարների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իր կառավարության նպատակն է Հայաստանը վերածել տեխնոլոգիական պետության:

«Վերջին տարիներին Հայաստանում ՏՏ ոլորտն աճել է հինգ անգամ: Ոլորտի զարգացումը ոչ միայն շարունակվում է, այլ նաև ընթանում է ավելի արագ տեմեպերով: Հայաստանի և Վիետնամի ՏՏ ոլորտի պատասխանատուներն արդեն իսկ պայմանավորվել են իրականացնել պիլոտային համատեղ ծրագրեր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը Վիետնամի առևտրի պալատի նախագահ Վու Թիեն Լոքին և շուրջ երկու տասնյակ գործարարներին ներկայացրել է Հայաստանի բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացված քայլերը` ընդգծելով, որ այսօր Հայաստանում ներդրումների համար չկան արհեստական խոչընդոտներ: Նա համագործակցության հեռանկարային ճյուղերի շարքում նշել է նաև գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, կրթությունը, տեքստիլ արդյունաբերությունը:

«Կարծում եմ` վիետնամցի գործարարների համար մեր երկիրը կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել ոչ միայն նշածս ուղղություններով, այլ նաև հայկական խմիչքների` կոնյակի ու գինու, վերամշակված գյուղմթերքների` Վիետնամ արտահանելու առումով: Վստահ եմ, որ դրանք գին-որակ հարաբերակցությամբ կարող են մրցակցային լինել Վիետնամի շուկայում»,- ասել է Փաշինյանը:

Վիետնամական խոշոր` Sovico, Vingroup, Contrexim, Huang Som, Tiscovina, Hapro, Kangaroo, Voci, Constrexim Hod և մյուս ընկերությունների ղեկավարները ներկայացրել են հայկական շուկա մուտք գործելու, Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու, հայկական արտադրանքը, այդ թվում` կոնյակ և գինի Վիետնամ արտահանելու հետ կապված կոնկրետ առաջարկություններ:

Վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը աճում է: Ճիշտ է, այդ ապրանքաշրջանառությունը հիմնականում մեկ ուղղությամբ է: 2018-ին Հայաստանը Վիետնամ է արտահանել ընդամենը 566 հազար դոլարի արտադրանք, մինչդեռ նույն տարում ներմուծումը կազմել է ավելի քան 46 միլիոն դոլար:

Թաթուլ Հակոբյան

Հանոյ