6 հուլիս, 2019 12:13

Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ում ուսում ստացած վիետնամցիներին հրավիրել է Հայաստան

Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպել է այդ երկրի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ:

«Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շնորհավորում ենք Ձեզ արձանագրվող հաջողությունների և միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքի ամրապնդման կապակցությամբ: Տեղյակ եմ, որ երեկ արդյունավետ և բաց քննարկումներ եք ունեցել մեր երկրի վարչապետի հետ»,- ասել է Նգույեն Թխի Քիմ Նգանը:

Փաշինյանը նշել է, որ արդյունավետ բանակցություններ է ունեցել Վիետնամի իր գործընկերոջ հետ` ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ. «Աշնանը Երևանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստում կքննարկվի հարցերի լայն շրջանակ և կընդունվեն արդյունավետ որոշումներ` վիզային ռեժիմի դյուրացման, զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացման, կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման և այլ ուղղություններով: Պայմանավորվել ենք նիստի շրջանակում անցկացնել նաև բիզնես ֆորում, որը կնպաստի առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը»:

Հայաստանին ու Վիետնամին միմյանց են կապում ավանդական հարաբերությունները: Վարչապետը նշել է նաև, որ Վիետնամի հիմնադիր Հո Շի Մինի` 1959 թվականի Հայաստան այցից մեր ժողովրդի մոտ մնացել են ջերմ հիշողություններ:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Վիետնամի առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի գործարարների հետ:

Վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը աճում է: Ճիշտ է, այդ ապրանքաշրջանառությունը հիմնականում մեկ ուղղությամբ է: 2018-ին Հայաստանը Վիետնամ է արտահանել ընդամենը 566 հազար դոլարի արտադրանք, մինչդեռ նույն տարում ներմուծումը կազմել է ավելի քան 46 միլիոն դոլար:

Ապա Հանոյում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ հանդիպում «Վիետնամ-Հայաստան բարեկամություն» կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Փաշինյանն իր ելույթում ասաց, որ իր Վիետնամ այցը և հանդիպումները հաջող են ընթացել:

«Ես և Վիետնամի վարչապետը ընկերացանք նաև ընտանիքներով: Այսօր հանդիպեցի Վիետնամի առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի գործարարների հետ: Ուրվագծվեցին կոնկրետ ծրագրեր տնտեսական և ներդրումների ոլորտում»,- ասաց Փաշինյանը:

Հանոյում ՀՀ դեսպանության շենքում հավաքվել էին մի քանի տասնյակ վիետնամցիներ, ովքեր աշխատել կամ կրթություն են ստացել Երևանի պետական համալսարանում խորհրդային տարիներին: Նիկոլ Փաշինյանը նրանց աշնանը հրավիրեց Երևան՝ մանակցելու ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցռումներին:

«Ես հաճույքով տեղեկացա, որ Հայաստանում շուրջ 1 000 վիետնամցի է ուսանել: Սա նշանակում է, որ մենք ունենք    1 000 դեսպան Հանոյում և նույնքան՝ Երևանում: Ձեր դեմքերից ու աչքերից զգում եմ, որ լավ, բարի հիշողություններ եք պահել Հայաստանի մասին»,- ասաց Փաշինյանը:

Վաղը՝ հուլիսի 7-ի առավոտյան, Նիկոլ Փաշինյանը Հանոյից կուղևորվի Սինգապուր:

Թաթուլ Հակոբյան

Հանոյ