7 հուլիս, 2019 10:59

Ինչպես են պաշտոնյաները սեփականաշնորհել ԱՕԿՍ-ի շենքը 

Երևանի Աբովյան փողոցում տեղակայված Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական կազմակերպության՝ նախկին ԱՕԿՍ-ի շենքը, որ համարվում է պատմամշակութային հուշարձան, սեփականաշնորհվել է մշակույթի նախկին նախարարներ Արմեն Սմբատյանի, Հասմիկ Պողոսյանի կողմից։ Շենքի նկուղային տարածքն էլ պատկանում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանին։ Հանրային հեռուստաընկերությունը՝ Հ1-ը, հետաքննական տեսանյութ է պատրաստել շենքի ներկա կարգավիճակի ու սեփականատերերի մասին։

Ինչպես տեղեկացնում է Հանրայինը՝ ԱՕԿՍ-ի շենքի նկուղային հարկի 270 քառակուսի մետր մակերեսով տարածքը 2011-ից պատկանել է (մշակույթի նախկին նախարար) Հասմիկ Պողոսյանի որդուն՝ Վաղարշակ Հակոբյանին, որը 2017-ին իր ունեցած բաժնեմասերի 50 տոկոսը օտարել է փոխնախարար Գրիշա Թամրազյանին։ 

Թամրազյանը Հանրայինի հետ զրույցում ասում է՝ բաժնեմասեր ձեռք է բերել ընկերների հետ համատեղ, ու մտադիր են տարածքը հանձնել վարձակալության։ Գրիշա Թամրազյանը Արմեն Սմբատյանի ընտանիքի մտերիմներից է։ Նա հայտարարել է՝ «շատ ջերմ հարաբերություններ ունի Սերգեյ Սմբատյանի (Հայաստանի երիտասարդական նվագախմբի ղեկավար-խմբ.), ինչպես նաև ընտանիքի հետ»։

ԱՕԿՍ-ի շենքի ավելի քան 700 քառակուսի մետրը պատկանում է «ԱՕԿՍ» ՍՊԸ-ին։ Այս ընկերությունը հիմնվել է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության» կողմից, որի ղեկավարները Արմեն Սմբատյանն ու Հասմիկ Պողոսյանն են։ «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի բաժնետերը օֆշորային Վիրջինյան կղզիներում գրանցված «Օշըն փըսիֆիք գլոբըլ փրոփըրթիզ լիմիթեդ» ընկերությունն է։ Այս ընկերությունը ևս հիմնվել ու պատկանում է Արմեն Սմբատյանին և Հասմիկ Պողոսյանին։ 

«Արտսահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերություն» ՀԿ-ն տարիներ առաջ ԱՕԿՍ-ի շենքի մի հատվածը օտարել է Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դեվելոփերս» ընկերությանը։ Այնուհետև հուշարձանին գրեթե միաձուլվել ու վեր է խոյացել «Իբիս» հյուրանոցը։ 

Այժմ ԱՕԿՍ-ի շենքի ներսում որոշ տարածքներ հանձնված են վարձակալության։ Մասնավորապես, իրեն պատկանող շենքից վարձակալություն է իրականացնում Հասմիկ Պողոսյանը։ Վերջինս իտալական լեզվի ու մշակույթի տարածմամբ զբաղվող «Դանթե Ալիգիերի» ասոցացիայի հայկական կոմիտեի ղեկավարն է, իսկ կոմիտեի գրասենյակն էլ ԱՕԿՍ-ի շենքում է։ Տարածքում վարձակալություն է իրականացնում նաև Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանին պատկանող հայկական գորգի ազգային կենտրոնի «Որդան կարմիր» թանգարանը։ 

ԱՕԿՍ-ի շենքը կառուցվել է 1915-ին՝ բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի պատվերով։ Կառուցումից հետո շենքի առաջին հարկում բացվել է երևանի առաջին մասնավոր հիվանդանոցը՝ վիրաբուժական ու ակնաբուժական թեքումով։ Ավելի ուշ շենքը ազգայնացվել է կոմունիստների կողմից, իսկ 1944-ից «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և բարեկամության հայկական կազմակերպության»՝ ԱՕԿՍ-ի շենքն էր։ Շենքի նախագծումն ու կառուցումն իրականացրել է Բորիս Մեհրաբյանը։ 

Մկրտիչ Կարապետյան