7 հուլիս, 2019 17:48

Նիկոլ Փաշինյանը այցելում է Սինգապուր

Ավարտելով պաշտոնական եռօրյա այցը Վիետնամ` այսօր` հուլիսի 7-ին, Հայաստանի վարչապետի պատվիրակությունը Հանոյից ուղևորվեց Սինգապուր:

Սինգապուր այցը նույնպես եռօրյա է և պաշտոնական: Պատվիրակության կազմում են էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարներ Տիգրան Խաչատրյանն ու Հակոբ Արշակյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այսօր Փաշինյանը Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում տիկնոջ հետ մասնակցեց «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձի արձանի բացման արարողությանը, որին ներկա էր նաև Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարար Կո Պո Կունը:

Խոլորձի այս տեսակը համարվում է Սինգապուրի ազգային ծաղիկ՝ պետական խորհրդանիշ: Հայտնի խոլորձը իր անվանումը ստացել է ի պատիվ սինգապուրցի հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի՝ Աշխեն Հովակիմյանի, ով ծաղիկը հայտնաբերել է եղեգնուտում:

Ապա Փաշինյանը այցելեց եկեղեցի և եկեղեցու բակում գտնվող գերեզմանոց, շրջայց կատարեց եկեղեցուն կից Հայկական ժառանգության թանգարանում, հանդիպում ունեցավ Սինգապուրի, Մալազիայի, Թաիլանդի, Հոնկոնգի և Ավստրալիայի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Սինգապուրում բնակվող հայերի թիվը մի քանի տասնյակ է: Մի քանի տասնյակ է նաև հայերի թիվը Մալազիայում, Թաիլանդում, Հոնկոնգում: Այս տարածաշրջանում ձևավորված և ստվար հայկական համայնք կա Ավստրալիայում:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Սինգապուրի քրիստոնեական ամենահին եկեղեցին է։ 2011-ին Հայ առաքելական եկեղեցին և աշխարհի տարբեր վայրերից ժամանած հայեր նշեցին եկեղեցու կառուցման 175-ամյակը։

Եկեղեցու բակում Փաշինյանը կարճ ելույթ ունեցավ, ապա մտերիմ զրույցի բռնվեց հավաքված հայերի հետ, որոնց թիվը 100 սահմաններում էր:

«Այսօր մեր հայրենակիցների ջանքերով հավերաժացվեց մեր մեկ այլ հայրենակցի վաստակը Սինգապուրի առաջ: Սինգապուրի ազգային խորհրդանիշ հանդիսացող ծաղիկը` խոլորձը, որն անվանվել է հենց մեր հայրենակցի անունով, ստեղծել է Աշխեն Հովակիմյանը: Սա խորհրդանշական իրադարձություն է, որն ի ցույց է դնում մեր ժողովրդի ստեղծարար էությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Հայ ժողովրդի ստեղծարար հանճարն ի վերջո պետք է իր տրիումֆին հասնի նաև Հայասատանում: Մեր անցած ճանապարհը հենց այստեղ պետք է իր պսակին հասնի, որ Հայաստանի Հանրապետությունը լինի այնպիսին, ինչպիսին են բազմաթիվ երկրներ, որոնց կառուցման, բովանդակություն հաղորդելու գործում մեր հայրենակիցներն ունեցել են շրջադարձային նշանակություն: Սինգապուրը 20-րդ դարի հրաշքներից մեկն է, վերլուծաբանները, տնտեսագետները հատորներով նյութեր են գրել` հասկանալու, թե ինչպե՞ս տեղի ունեցավ և ի վերջո ստեղծվեց երկիր, որի ամեն անկյունն ունի իմաստ, որը զարգացման և մարդու ստեղծագործական հանճարի, հաղթանակի յուրօրինակ ապացույց է»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ հաճախ մեր երկրի պատմության հեղինակները մենք ինքներս չենք եղել և եկել է ժամանակը, որ ինքներս կերտենք մեր սեփական երկրի պատմությունը, այնպես կերտենք, «որ ոչ թե ուրիշները, այլ մենք ենք ուզում, ինչպես մեր նախնիներն են երազել, ինչպես մենք ենք երազում մեր երեխաների համար»: «Եկել է ազատ, երջանիկ, հզոր Հայաստանի ժամանակը: Աշխարհի տարբեր անկյուններ մեր այցելություններն ավելի մեծ ուժ և վստահություն են ներշնչում, որ հասնելու ենք այդ նպատակին»,- ասաց նա:

Հուլիսի 8-ին Հայաստանի վարչապետը բանակցություններ կվարի նախ Սինգապուրի նախագահ Խալիմա Յակոբի, ապա վարչապետ Լի Սյեն Լունի հետ, որից հետո երկու երկրները կստորագրեն համագործակցության հուշագիր:

Նույն օրը Փաշինյանը հանդիպումներ կունենա Temasek հիմնադրամի և Սինգապուրի գործարարների միության ներկայացուցիչների հետ:

Այցի վերջին՝ երրորդ օրը, Հայաստանի վարչապետը կհանդիպի Սինգապուրի խորհրդարանի խոսնակ Թան Չուան-Ջինի հետ, կայցելի այդ երկրի տնտեսական զարգացման կառավարման խորհրդի գրասենյակ:

Նախքան Նիկոլ Փաշինյանը Սինգապուր այցելել են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` 2012թ. մարտին, ինչպես նաև արտգործնախարարներ Վարդան Օսկանյանն ու Էդվարդ Նալբանդյանը` համապատասխանաբար 2005-ի հոկտեմբերին և 2012-ի մարտին:

Սինգապուրի բարձրաստիճան պաշտոնյաներից Հայաստան այցելել են նախկին վարչապետ և այցի ժամանակ ավագ նախարար Լի Քուան Յուն 2009-ի սեպտեմբերին և առևտրի ու արդյունաբերության նախարար Դր Կոհը 2016-ի մարտին:

Հայաստանի և Սինգապուրի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսին: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը չնչին է: Այսպես, 2018-ին Հայաստանից արտահանումը կազմել է 700 հազար դոլար, ներմուծումը՝ 1,5 միլիոն դոլար:

Վարչապետ Փաշինյանի այցը Սինգապուր լուսաբանում են Հ1-ն ու Հանրային ռադիոն, Հայմ.ամ կայքը, Ազատություն ռադիոկայանն ու ՍիվիլՆեթը:

Թաթուլ Հակոբյան

Սինգապուր