8 հուլիս, 2019 17:15

Հայհոյանքներ Պուտինի հասցեին՝ վրացական «Ռուսթավի 2»-ի եթերում․ Մոսկվան ու Թբիլիսին արձագանքում են

Հուլիսի 7-ին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրող Գիորգի Գաբունիան իր հեղինակային հաղորդումը սկսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասեցին հայհոյանքներով։ Հաղորդումը երկրի ներսում դժգոհության և վրաց-ռուսական՝ առանց այն էլ սրված հարաբերություններում լարվածության նոր ալիքի հանգեցրեց։

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրող Գիորգի Գաբունիան հուլիսի 7-ին իր «Պոստսկրիպտում» հաղորդման մեկնարկին ռուսերեն վիրավորական արտահայտություններ ու հայհոյանքներ է հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա հանգուցյալ ծնողների հասցեին։ 

Ելույթը մեծ աղմուկի պատճառ է դարձել։ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը մի քանի ժամով դադարեցրել էր եթերը, ապա՝ վերսկսել աշխատանքը։ Հեռուստաընկերության դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջել են հաղորդավարից ներողություն խնդրել ուղիղ եթերում Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար։

Կատարվածին անդրադարձել են բազմաթիվ պետական և հասարակական գործիչներ ինչպես Վրաստանում, այնպես էլ՝ Ռուսաստանում։

ՌԴ Պետդումայի միջազգային կապերի հանձնաժողովի անդամ Եվգենի Պրիմակովը կոչ է արել «սառեցնել» Թբիլիսիի հետ հարաբերությունները: Ըստ նրա՝ վրացական հեռուստատեսությունը, ի դեմս Գաբունիայի, «այնքան է իջել, որ իրապես զարմանալ արդեն դժվար կլինի»։

Ռուսաստանի ԱԳՆ-ն կատարվածի մասին հայտարարություն է տարածել, որում դատապարտել է «Ռուսթավի 2»-ի հաղորդավարի վարքը։

«Դա դիտարկում ենք որպես վրացական ծայրահեղական ուժերի ևս մեկ սադրանք՝ ուղղված ռուս-վրացական հարաբերությունները վնասելուն: Ներկայիս աղաղակող միջադեպը վառ վկայություն է այն բանի, թե ուր է տանում սանձազերծ ռուսատյացությունը»,- ասվում է հայտարարությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծում է, որ այս անգամ, ի տարբերություն պատգամավոր Գավրիլովի հետ կապված միջադեպի, վրաստանյան իշխանությունները չեն արդարացրել արմատականներին և դատապարտել են նրանց վարքագիծը։

Հուլիսի 8-ից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով դադարեցվել են Ռուսաստան-Վրաստան ուղիղ չվերթները։ 

Կարդացե՛ք

Ջրցան, ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ․ Թբիլիսիում փորձել են պաշարել խորհրդարանի շենքը

Լուսինե Վարդանյան