8 հուլիս, 2019 21:14

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սինգապուրի գործարարների հետ

Պաշտոնական այցով Սինգապուրում գտնվող Նիկոլ Փաշինյանը և նրա պատվիրակության անդամները այսօր տեղի
Գործարարների միությունում շուրջ 2 ժամ տևողությամբ հանդիպում ունեցան սինգապուրցի գործարարների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին վերամշակող արդյունաբերության, հյուրանոցային բիզնեսի, տեքստիլ
արդյունաբերության, գյուղատնտեսական ապրանքների ներմուծմամբ և արտահանմամբ, տեղեկատվական
տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացած ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

«Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Հո Մեն Կիթը կարևորեց Հայաստանի վարչապետի և կառավարական պատվիրակության հետ հանդիպումը: Նրա խոսքով` այն լավ հնարավորություն է հայ-սինգապուրյան գործարար կապերը զարգացնելու, դրանց նոր շունչ հաղորդելու և համատեղ ծրագրեր նախաձեռնելու համար:

Նա նշեց, որ սինգապուրցի գործարարները հետաքրքրված են Հայաստանում տարբեր ոլորտներում գործունեություն
ծավալելու հարցում և պատրաստ են ծանոթանալ մեր երկրի ներդրումային հնարավորություններին, քննարկել
համագործակցության հեռանկարները: Հո Մեն Կիթի խոսքերով՝ Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի
միջև կնքվելիք ազատ առևտրի մասին պայմանագիրը ևս գործուն հնարավորություն է բիզնես կապերի ակտիվացման
համար, և Հայաստանը կարևոր հարթակ կարող է լինել երրորդ երկրների շուկաներ դուրս գալու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումներին`խոսելով հարկային և մաքսային ոլորտի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին, նաև դատական համակարգի բարեփոխումների մասին, որոնք ուղղված են օտարերկրյա ներդրումների պաշտպանության երաշխիքների ստեղծմանը:

«Մեր քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Հուսով եմ` այս այցից հետո դրանք էլ
ավելի կամրապնդվեն, կակտիվանա նաև տնտեսական համագործակցությունը: Հայաստանը գտնվում է տնտեսական
փոխակերպման գործընթացում, և մենք շարունակական աշխատում ենք տնտեսական աճի, գործարարությամբ զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ»,- ասաց վարչապետը:
Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, քաղաքական արմատական փոփոխությունները տնտեսական ցնցումներ չեն առաջացրել, բանկային համակարգը շարունակել է կայուն աշխատել, չի արձանագրվել սեփականության վերաբաշխման որևէ դեպք, ինչը պայմանավորված էր այդ իրադարձությունների ոչ բռնի և խաղաղ բնույթով, ասաց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը ներկայացրեց վերջին ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները` նշելով, որ դրանք
շարունակական աճ են արձանագրում և անդրադարձավ այն ոլորտներին, որտեղ համագործակցության ներուժ կա՝
տեղեկատվական տեխնոլոգիաներ, օդային հաղորդակցություն, զբոսաշրջություն, այդ թվում` էկո և գաստրոտուրիզմ,
սննդարդյունաբերություն, օդային հաղորդակցություն, ենթակառուցվածքներ և այլն:

«Սինգապուրի զարգացման ուղին և կուտակած մեծ փորձը հետաքրքիր են Հայաստանի համար և կարող են օգտակար լինել մեր հետագա բարեփոխումների գործընթացում: Շահագրգռված ենք փորձի փոխանակմամբ և համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Տեղեկատվական
տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի ամենամյա համաժողովը և հրավիրեց Սինգապուրի ՏՏ ոլորտի
ձեռնարկություններին` մասնակցելու բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այդ կարևոր միջոցառմանը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց Հայաստանի ՏՏ ոլորտի
ներուժը, զարգացման միտումները, թվայնացման ուղղությամբ տարվող աշխատանքները և համագործակցության
հնարավորությունները, իսկ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը մանրամասն ներկայացրեց
Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում առկա ներուժը և փոխգործակցության համար հեռանկարային
ուղղությունները:

«Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի ներկայացուցիչները ասացին, որ հետաքրքրված են Հայաստանում
ներդրումներ կատարելու հարցում. առաջիկայում նախատեսում են այցելել Հայաստան և ծանոթանալ այդ
հնարավորություններին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել բիզնես պատվիրակությունների փոխայցեր Հայաստան և Սինգապուր` տեղում ներդրումային և համագործակցության հնարավորություններին ծանոթանալու համար: 

Վաղը՝ հուլիսի 9-ին, Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենալու նաև Սինգապուրի տնտեսական զարգացման
կառավարման խորհրդում:

Թաթուլ Հակոբյան

Սինգապուր