9 հուլիս, 2019 17:11

Սոցիալ-տնտեսական խնդիրներից հետո հայաստանցիներին ամենաշատը մտահոգում է ղարաբաղյան խնդիրը

Հայաստանցիների 83%-ը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղին առնչվող խնդիրների լուծումը շատ կարևոր է Հայաստանի ապագայի համար․ նման տվյալներ է բերում Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI)՝ 2019-ի մայիսի 6-ից 31-ն անցկացված հարցման արդյունքում։ 2018-ի օգոստոսին այդպես էր կարծում հարցվածների 78%-ը, հոկտեմբերին՝ 87%-ը։

Պատասխանելով հարցին, թե ինչ են կարծում՝ որոնք են այն երեք բաները, որոնց պետք է հասնի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը առաջիկա վեց ամսում, հարցվածները սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումից ու աշխատատեղերի ստեղծումից հետո նշել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Հայաստանի առաջ ներկայում ծառացած ամենահիմնական խնդիրները նշելիս հարցվածները դարձյալ սոցիալ-տնտեսական, աշխատատեղերի ստեղծման խնդիրներից հետո մատնանշել են ղարաբաղյան հարցը, որին հաջորդում են արդեն ազգային անվտանգությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, արտագաղթը, կրթությունը, առողջապահությունը և մյուս ոլորտները։

Ներկայի և երկրի ապագայի մասին մտորելիս ո՞ր երեք բաներն են ամենաշատը մտահոգում հարցին ի պատասխան՝ հետազոտության մասնակիցները առաջին տեղում նշել են պատերազմը, երկրորդում՝ ղարաբաղյան հակամարտությունը, երրորդում՝ ազգային անվտանգության հարցերը, որոնց հաջորդում են այլ բնույթի մտահոգությունները՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական և այլն։

Հայաստանցիների 83%-ը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղին առնչվող խնդիրների լուծումը շատ կարևոր է Հայաստանի ապագայի համար: 2018-ի օգոստոսին այդպես էր կարծում հարցվածների 78%-ը, հոկտեմբերին՝ 87%-ը։

«Ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավո՞ր է հասնել առանց որևէ կողմից ռազմական ուժի դիմելու»․ այս հարցին հայաստանցիների 16%-ը պատասխանել է՝ «վստահաբար այո», 31%-ը՝ «հավանաբար այո», 29%-ը՝ «հավանաբար ոչ», 17%-ը՝ «վստահաբար ոչ»։

Ուշագրավ է, որ 2018-ի օգոստոսից 2019-ի մայիս «վստահաբար այո» պատասխանողների թիվը կիսով չափ նվազել է՝ 30-ից 16%-ի, այսինքն՝ նվազել է ռազմական ուժը բացառող կարգավորման հանդեպ հավատը։

2018-ի օգոստոսին «վստահաբար այո» էր պատասխանել 30%-ը, «հավանաբար այո»՝ 33%-ը, «հավանաբար ոչ»՝ 22%-ը, «վստահաբար ոչ»՝ 10%-ը։

2018-ի հոկտեմբերին «վստահաբար այո» էր պատասխանել 27%-ը, «հավանաբար այո»՝ 29%-ը, «հավանաբար ոչ»՝ 27%-ը, «վստահաբար ոչ»՝ 11%-ը։ 

Ստելլա Մեհրաբեկյան