10 հուլիս, 2019 14:08

Մետրոպոլիտենի ուղևորները տարհանվել են հոսանքի ընդհատման պատճառով

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղևորները տարհանվել են․ դա պայմանավորված է հոսանքի ընդհատմամբ։ 

«ԹԱՐՄԱՑՈՒՄ. այս պահի դրությամբ թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղևորները տարհանվել են։

Հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետեւ հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են:
Իրավիճակը վերահսկողության տակ է: Մինչև հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը, մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվի»:

***

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանել է հանրապետության տարածքում անջատումները։ Նրա խոսքով՝ էներգետիկ համակարգում կա վթար։

«Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։

Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավինյանը։