11 հուլիս, 2019 11:17

«20-րդ դարի ամենամեծ կանխամտածված սպանության ակտերից մեկը». Իսրայելի դեսպանը՝ Հայոց ցեղասպանության մասին

Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլիավ Բելոցերկովսկին 1915թ․ Հայոց ցեղասպանությունը համարում է «20-րդ դարի պատմության ամենամեծ կանխամտածված սպանության ակտերից մեկը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նման տեսակետ է հայտնել Երևանում Իսրայելի անկախության 71-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լրագրողի հարցին` Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հնարավո՞ր է արդյոք փոփոխություն լինի, մանավանդ այն պարագայում, երբ դեսպանը այցելել է Ծիծեռնակաբերդ:

«Դա սարսափելի ողբերգություն էր, դա 20-րդ դարի պատմության և մարդկության պատմության ամենամեծ կանխամտածված սպանության ակտերից  էր: Հրեաները, հատկապես, այն մարդիկ, ովքեր ապրում են Իսրայելում, շատ ակտիվ հանդես են գալիս դրա դեմ, և դա նաև քննարկվել է մեր խորհրդարանում»,- ասել է դեսպանը:

Դիտարկմանը, թե չի օգտագործում ցեղասպանություն բառը, դեսպանը պատասխանել է, որ դա «բառի որոնման հարց չէ»: Նա շեշտել է, որ իսկապես «սարսափելի ողբերգություն է, պետք է քննարկել այդ պատմությունն ու ուսումնասիրել դա, որ նման  ողբերգություններ չկրկնվեն»:

Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի հետ հարաբերություններն արդյոք չե՞ն խանգարի համագործակցությանը՝ նա նշել է, որ Իսրայելը, ինչպես Հայաստանը ունի իր հետաքրքրությունները, իր հարաբերությունները շատ երկրների հետ, և այդ հարաբերությունները բաղկացած են տարբեր բաղադրիչներից: Դեսպանը դա միանգամայն նորմալ է համարել: «Մենք Հայաստանի հետ հարաբերությունները տեսնում ենք որպես առաջնային և կամրապնդենք որքան հնարավոր է ավելի շատ»,- շեշտել է Իսրայելի դեսպանը:

Իսրայել պետությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը

2015թ. մարտի 5-ին պրոֆեսոր Յաիր Աուրոնը ՍիվիլՆեթում՝ ՝ «Հայոց ցեղասպանության ճանաչումը. Իսրայելը և աշխարհը» թեմայով իր դասախոսության ընթացքում, հայտարարեց, որ Իսրայելը պետք է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջություն ունենա: Աուրոնը պատմեց, թե ինչպես է ինքը Իսրայելի նախագահին խորհուրդ տվել ՄԱԿ-ի ելույթում օգտագործել «ցեղասպանություն» եզրը, ինչին ի պատասխան Ռիվլինն ասել է, որ «չի կարող արտահայտել իր մասնավոր կարծիքը»:

Իսրայելի նախագահի ելույթը ՄԱԿ-ում

2015թ. հունվարի 28-ին Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ելույթ էր ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ: Իր խոսքում նա անդրադարձել էր նաև Հայոց ցեղասպանությանը՝ ասելով, որ ողբերգություն վերապրած ազգերը պետք է կարողանան կիսել նաև մյուսների ցավն ու տառապանքը: Իսրայելի նախագահի կարծիքով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պայքարը ցեղասպանությունների դեմ «արդյունավետ չէ, բայց չէ՞ որ այն ստեղծվել էր հենց այդ նպատակով»:

2017թ․ հոկտեմբերի 26-ին Երուսաղեմում՝ Իսրայելի նախագահի նստավայրում, շանսոնյե Շառլ Ազնավուր Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին հարցրել էր, թե ինչու Իսրայելը մինչև հիմա չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Ուզում եմ մի անհարմար հարց ուղղել, որի պատասխանը չեմ ակնկալում, սակայն դա կարևոր հարց է մեզ համար։ Ինչո՞ւ դուք մինչև հիմա չեք ճանաչել Հայոց ցեղասպանությունը այն դեպքում, երբ տառապել եք նացիստական ռեժիմից»,- հարց էր ուղղել Ազնավուրը։

Ի պատասխան Ռիվլինն ասել էր, որ դա «քաղաքական հարց է, և ամեն տարի այն բարձրացվում է Կնեսետում, և ինքն անձամբ 2015թ․ ՄԱԿ-ի ամբիոնից հստակ բարձրաձայնել է 1915-ի Հայոց ցեղասպանության մասին»։

«Մենք ներկա ենք եղել Կնեսետում այդ սարսափելի իրադարձությունների թեմայի քննարկմանը։ Դժբախտաբար Իսրայելի կառավարությանը չի հաջողվել ճանաչել տեղի ունեցածը որպես ցեղասպանություն, և ես որպես Իսրայելի նախագահ պետք է հարգեմ իսրայելական կառավարության որոշումները։ Կոտորածներն ու ցեղասպանությունը սարսափելի են, 1915թ․ հայ ժողովուրդը դարձավ սարսափելի դեպքերի զոհ»,- հայտարարել էր Ռիվլինը։

 Ստելլա Մեհրաբեկյան