11 հուլիս, 2019 12:46

2020-ի հունվարի 1-ից կենսաթոշակները 10%-ով կբարձրանան. վարչապետ

2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները․ այսօր՝ հուլիսի 11-ին, կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ նախօրեին կառավարությունը դռնփակ նիստում հաստատել է 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

«Կարող ենք մի քանի արձանագրում անել, որ այդ քննարկման շրջանակներում որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները:

Նաև գիտենք, որ սեպտեմբերի 1-ից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը: Նաև որոշում կայացվեց, որ մենք կփորձենք միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988 թվականի երկրաշարժի արդյունքում բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարևտավորություններն այս պահին արձանագրված են: Այդ նպատակով կհատկացվի 3 մլրդ դրամ»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ ծրագրի մանրամասները հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն:

Փաշինյանը նաև հայտարարեց, որ հուլիսի 1-ից զինվորականների աշխատավարձերը բարձրացել են: