13 հուլիս, 2019 16:22

Ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեությունը գոհացուցիչ է․ Օսիպյան

Հուլիսի 13-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մասնակցել են ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, մարզային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ և բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ոստիկաններ։
Ողջունելով ներկաներին` Օսիպյանը շնորհավորել է տարբեր ծանրության հանցագործություններ բացահայտելու համար պարգևատրման ներկայացած ոստիկաններին, ինչից հետո տարբեր ստորաբաժանումների ծառայողներ արժանացել են դրամական պարգևների:

Ծրարներում նշված են եղել ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը: Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին:

Ոստիկանության պետը նկատել է, որ աշխատանքի արդյունավետության հետևողական բարձրացման խթաններից մեկն էլ պարգևատրումների մեխանիզմն է, որը թույլ է տալիս օբյեկտիվ և առարկայական գնահատել լավագույն ծառայողներին:

Հավաստելով, որ ոստիկանները բացի իրենց հասանելիք աշխատավարձից, շարունակելու են ըստ արժանվույն գնահատվել նաև կոնկրետ հանցագործություններ բացահայտելու համար, Վալերի Օսիպյանն ընդգծել է. «Սա ոստիկաններին պետք է պարտավորեցնի էլ ավելի բարեխիղճ ծառայել»:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոստիկանության օպերատիվ- ծառայողական գործունեությանը վերաբերող այլ հարցեր ևս:

Օսիպյանը նշել է, որ արդյունքները գոհացուցիչ են, սակայն անհրաժեշտ է անել ավելին՝ ներդնելով բոլոր միջոցներն ու կարողությունները, քանզի հանրությունը ոստիկանությունից ոչ միայն պարզապես արդյունավետ, այլև մշտապես կատարելագործվող ծառայություն է ակնկալում:

Ավարտին ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ է տվել բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին: