16 հուլիս, 2019 13:45

Կառավարությունը չի ցանկանում մինչև վերջ բացահայտել հանքերի իրական սեփականատերերին

Մետաղական հանքերի իրական սեփականատերերի բացահայտման հետքերով... կառավարությունը չի ողջունում Ընդերքի մասին օրենքում փոփոխությունները։

Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում փոփոխություններ կատարել Ընդերքի մասին օրենքում, որը թույլ կտար ամբողջությամբ բացահայտել Հայաստանում մետաղական հանքերի սեփականատերերին։ Հանքերի իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը սկսվել էր 2017-ից, երբ Հայաստանը դարձավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) անդամ։ ԱՃԹՆ ստանդարտը պահանջում է, որ նախաձեռնությանը մասնակից երկրները հրապարակեն հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի հանրային ռեեստր։ Այս տարվա փետրվարի 21-ին կառավարությունն ընդունեց օրենքի նախագծերի փաթեթ, որը ապրիլին սկսեց քննարկվել խորհրդարանում։

Արդեն իսկ խորհրդարանում ընդունված օրենքի համաձայն՝ իրական սեփականատերեր են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք տիրապետում են իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի առնվազն 10 տոկոսին։ Այլ կերպ ասած՝ հանքարդյունաբերական ընկերությունում մինչև 10 տոկոս բաժնեմաս ունեցող իրավաբանական կամ ֆիզիակական անձը ազատվում է այդ  բաժնեմասի իրական սեփականատիրոջը բացահայտելու պարտադրանքից։ Սա իր հերթին կարող է հնարավորություն տալ հանքարդյունաբերական ընկերությունում 10 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձին «մասնատել» բաժնեմասերը այնպես, որ դրանք ստացվեն 10 տոկոսից ցածր ու չվերաբերեն իրական սեփականատերերի բացահայտման անհրաժեշտությանը։

Այս դրույթը հաշվի առնելով՝ խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր օրենքի նախագիծ, որով առաջարկում էր վերացնել կանոնադրական կապիտալում առնվազն 10 տոկոս բաժնեմաս ունենալու դրույթը, որը թույլ կտար հանքերի սեփականատերերին ամբողջությամբ բացահայտել։ 

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին՝ որպես հիմնավորում նշելով այն, որ նման շեմերի անհրաժեշտության մասին են վկայում միջազգային ստանդարտները՝ ԱՃԹՆ, ԵՄ, ՖԱԹՖ (Financial action task force on money laundering) հրահանգները։ Կառավարության որոշման մեջ նշվում է նաև, որ նման շեմի սահմանման որոշումը կայացվել է ԱՃԹՆ բազմաշահառու խմբի կողմից ու, բացի 10 տոկոս բաժնեմասի տիրապետումից, սահմանվել է 10 տոկոս համատեղ տիրապետման դրույթ, ինչպես նաև փոխկապակցվածության նկարագրությունները։ Կառավարության եզրակացության մեջ նաև շեշտված է, որ ի տարբերություն Հայաստանի, այլ երկրներում իրական սեփականատեր համարվում են հանքարդյունաբերական ընկերություններում 25 տոկոս և ավելի բաժնեմաս ունեցող մասնակիցները։

Մկրտիչ Կարապետյան