16 հուլիս, 2019 18:29

Սիգի ապօրինի որսի փաստերով դատախազությունը գործ է հարուցել

Սիգ ձկնատեսակի ապօրինի որսի ու 44,000 կիլոգրամ սիգի իրացման, արտահանման փաստերով գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ ԶԼՄ-երի հրապարակումների հիման վրա դատախազության պետական շահերի պաշտպանության գլխավոր վարչությունն ուսումնասիրություն է իրականացրել ու պարզել, որ Գեղարքունիքի մարզում գործող ՍՊ ընկերությունում արձանագրվել է պահեստում առկա 2018թ. մարտ ամսվա արտադրության շուրջ 6000 կգ «Սևանի սիգ» տեսակի ձկան պահածո: 

Նշված ընկերության կազմած թվով 20 գնման ակտերի համաձայն` ընկերությունը 2017թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Ծովագյուղի ձկան շուկայից ձեռք է բերել շուրջ 11,550 կգ` ընդհանուր շուրջ 5,6 մլն դրամի սիգ ձկնատեսակ, պահեստավորել սառնարաններում և 2018թ. հունվար-փետրվար ամիսներին արտադրել սիգի պահածոներ։

Մեկ այլ դեպքում՝ Արարատի մարզում գործող ՍՊ ընկերությունում կատարված ստուգմամբ արձանագրվել է, որ ընկերության ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունը ԼՂՀ-ում գրանցված հասարակական կազմակերպությունից 2017թ. դեկտեմբերի 6-ին 4,8 մլն դրամով ձեռք է բերել 10,000 կգ սիգ ձկնատեսակ: Պարզվել է նաև, որ մեկ այլ ՍՊ ընկերության կողմից էլ 2018թ. մարտ-օգոստոս ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել 14,876 կգ ապխտած սիգ ձուկ:

Ըստ դատախազության՝ 2017-2018 թվականների սիգի որսի արգելված լինելու պայմաննեում կատարվել է սիգի ապօրինի արդյունահանում։ Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ձկներ կամ ջրային այլ կենդանիներ արդյունահանելու, խոշոր վնաս պատճառելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

«Փաստերի ստուգման հարթակը» հուլիսի 15-ին հրապարակել էր հոդված, որտեղ ներկայացված էր, թե ովքեր են կանգնած ահածոյացված սիգի արտահանման բիզնեսի հետևում։ Սիգը արտահանվել է ԱՄՆ ու Ռուսաստան։ Սիգի արդյունահանմամբ զբաղվող ընկերություններից մեկն էլ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչին՝ Հեղուշ Գալստյանին պատկանող «Գալիալիա» ՍՊԸ-ն է։ Ուշագրավ է, որ 2014-2017 թթ. «Գալիլիա» ՍՊԸ-ի տնօրենն է եղել Վահե Գուլանյանը։ Նա ներկայում «Սևան ազգային պարկի» տնօրենն է։

Սիգի պահածոներ արտադրում ու այլ ընկերությունների միջոցով Ռուսաստան է արտահանում «Էկո ֆուդ» ընկերությունը։ Ընկերության արտադրանքը կարելի է գտնել ռուսաստանյան տարբեր սուպերմարկետներում։ 

Մկրտիչ Կարապետյան

Նկարում՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը , կոլաժը՝ Fip.am-ի