16 հուլիս, 2019 12:14

Տնտեսական զարգացման նախարարությունը նախընտրում է «մեկ անձին»

Հայաստանի կառավարությունում որոշ գերատեսչություններ շարունակում են նախընտրություն տալ մեկ անձից գնման ընթացակարգերին նաև այն դեպքերում, երբ հնարավոր է ծառայությունը ձեռք բերել մրցութային ընթացակարգով։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հուլիսի 9-ին մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության հետ՝ Երևանում հայ-վրացական տնտեսական համաժողովին ծառայությունների ձեռքբերման համար, մինչդեռ նախարարությունը ժամանակ ուներ ծառայությունը ձեռք բերել մրցութային ընթացակարգով։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության պայմանագրի առարկան հայ-վրացական տնտեսական համաժողովի շրջանակում վրացական պատվիրակության ընդունելությունն էր։ Այն արժեցել է ավելի քան 4,2 միլիոն դրամ։ Ուշագրավ է, որ նախարարությունը կարող էր այս գնումն իրականացնել նաև առավել մրցակցային՝ բաց ընթացակարգով կամ գնանշման հարցման միջոցով, սակայն նախընտրել է մեկ անձից գնման ընթացակարգը։ Դեռ մայիսի 4-ին խորհրդակցություն էր անցկացվել Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև, որի ընթացքում կողմերը «գոհունակությամբ նշել էին այս տարվա ամռանը հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ անցկացնելու շուրջ ձեռք բերված համաձայնությունը»։ 

Այլ կերպ ասած՝ կառավարությունը ավելի քան մեկ ամիս ժամանակ է ունեցել միջոցառման կազմակերպման, նաև բաց ընթացակարգով գնում իրականացնելու համար, սակայն ընտրել է մեկ անձից գնման ընթացակարգը։

«Ֆակտորի փրոդաքշնը» 2017-ից ի վեր պետական միջոցառումների կազմակերպման ոլորտում ծառայությունների մատուցման առաջատարներից է։ 2019-ին այս ընկերությունը դարձյալ մեկ անձից գնման ընթացակարգով 27,5 միլիոն դրամով կազմակերպել էր Քաղաքացու օրվա միջոցառումները, ևս 1 միլիոն դրամով ներկայացուցչական ծառայություններ էր մատուցել Արարատի մարզպետարանին։ 

Ամանորին Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական միջոցառման կազմակերպիչը ևս եղել է այս ընկերությունն ու համայնքային բյուջեից ստացել ավելի քան 24 միլիոն դրամ, դարձյալ մեկ անձից գնման ընթացակարգով։ Անցյալ տարի «Ֆակտորի փրոդաքշնի» հետ ներկայացուցչական ծախսերի շրջանակում կնքվել է մոտ 160 միլիոն դրամի պայմանագիր։

«Ֆակտորի փրոդաքշնի» բաժնետերերը երկուսն են՝ Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը։ Տեր-Գալստյանը նախկինում եղել է Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը։ 

Մկրտիչ Կարապետյան

Լուսանկարում՝ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին փաստաթուղթ են ստորագրում, 27-ը հունիսի, 2019թ․, Ֆոտոլուր