17 հուլիս, 2019 09:30

Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցում է նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունները

Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում հանրապետությունում նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ, հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Տիգրան Ավինյանը աշխատանքային այցով Նյու Յորքում է։ Հուլիսի 15-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում նա մասնակցել է էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղան-քննարկմանը, որը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրասիական միության հետ համագործակցությամբ կազմակերպել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։ 

Ավինյանը հայտարարել է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը կառուցված է երեք հիմնասյուների վրա՝ ատոմային էներգետիկա, ջերմային էներգետիկա և հիդրոէներգետիկա։ Նա նշել է, որ այս երեք աղբյուրներից Հայաստանը գրեթե հավասարաչափ էլեկտրաէներգիա է ստանում և չի պատրաստվում հրաժարվել ատոմային էներգետիկայից։

«Շարունակելու ենք և այժմ դիտարկում ենք Մեծամորի ատոմակայանի ապագործարկումից հետո նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունները»,- ասել է Ավինյանը՝ նշելով, որ ռուսաստանցի գործընկերների հետ պատրաստ են և արդեն իսկ քննարկում են Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման գործին։

***

Մեծամորի ատոմակայանի առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976-ին, երկրորդը՝ 1980-ին։ Այժմ գործում է միայն մեկ էներգաբլոկ, որի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին։ 1988-ի երկրաշարժից հետո ատոմակայանը ապագործարկվեց և կրկին գործարկվեց 1995-ին՝ մեկ էներգաբլոկով։ Տեխնիկական վերազինումից հետո ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021-ը։ Հայաստանի կառավարությունը դիտարկում է նաև այդ ժամկետը մինչև 2027 երկարաձգելու հնարավորությունը։

Մարիա Եղիազարյան