18 հուլիս, 2019 14:56

ԱՄՆ-ը $100 միլիոն ռազմական օգնություն կհատկացնի Ադրբեջանին 

Լրագրող և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Էմիլ Սանամյանը ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի կայքում հոդված է հրապարակել ԱՄՆ-ի կողմից անվտանգության նպատակներով Ադրբեջանին տրամադրվող 100 միլիոն դոլար ֆինանսական օգնության մասին 2018-2019 ֆինանսական տարում։ Ենթադրվում է, որ այդ փաստը, ինչպես նաև Հայաստանին տրամադրվող աջակցության նվազումը կարող են կապված լինել Սիրիա հայ ականազերծողների խումբ ուղարկելու հետ, որտեղ նրանք գործում են ռուսական հովանու ներքո։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Դոնալդ Թրամփի վարչակազմը զգալիորեն բարձրացրել է   Ադրբեջանին անվտանգության աջակցության նպատակով ցուցաբերվող օգնությունը. 2018-1999 թթ. ֆինանսական տարվա ընթացքում այդ օգնությունը կազմել է ավելի քան 100 միլիոն դոլար․ այս մասին տեղեկանում ենք Վաշինգտոնում գտնվող Միջազգային քաղաքականության կենտրոնի Անվտանգության աջակցության մոնիտոր հետազոտական կենտրոնի կազմած բյուջեի տվյալների: 

Չնայած այդ օգնությունը ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու ռազմավարության մի մասն է և թերևս կենտրոնանում է Ադրբեջան-Իրան սահմանի վրա, այն անմիջական հետեւանքներ ունի Հայաստանի համար:

Ըստ հրապարակված տվյալների՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «Գործընկերների կարողությունների ամրապնդում» ծրագրի 333-րդ կետով Ադրբեջանը կստանա 58,6 միլիոն դոլար 2018 թ. ֆինանսական տարում, և 42,9 միլիոն դոլար՝ 2019թ. ֆինանսական տարում: Որպես համեմատություն՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը 2016-17 թթ․ չի գերազանցել տարեկան 3 միլիոն դոլարը:

2018թ. ապրիլի 27-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսին տեղեկացրեց, որ 47,5 միլիոն դոլար է հատկացնում Ադրբեջանի «Հարավային սահմանի անվտանգությանը՝ հաղորդակցության, էլեկտրոնիկայի, շինարարության, ծովային առգրավման սարքավորումների եւ տրանսպորտային միջոցների» համար, 11,1 միլիոն դոլար՝ «Կասպից ծովի ծովային անվտանգության՝ «կապի, էլեկտրոնիկայի, շինարարության, ծովային առգրավման սարքավորումների և տրանսպորտային միջոցների» համար, և 80,000 դոլար` «մարդու իրավունքների վերապատրաստումների» համար:

Թեև ԱՄՆ-ը երկար ժամանակ Ադրբեջանին ավելի մեծ ռազմական օգնություն էր ցուցաբերում, քան Հայաստանին, սակայն այդ տարբերությունը ավելի ցայտուն է դարձավ անցյալ տարի Հայաստանում իշխանափոխությունից հետո:

Անվտանգության աջակցության մոնիտոր հետազոտական կենտրոնի համաձայն, Հայաստանը ստացել է 4,2 միլիոն դոլար ամերիկյան ռազմական օգնություն 2018 ֆինանսական տարվա համար (2018 թ. հոկտեմբերին ավարտված), իսկ 2019թ. համար նախատեսված է 2,8  միլիոն դոլար և 2020-ի համար՝ 2,1 միլիոն դոլար: Պարզ չէ, թե արդյոք դա կապված է Հայաստանի կողմից որպես ռուսական ռազմական ներկայության մաս Սիրիա ականազերծողների ջոկատ ուղարկելու հետ:

Ադրբեջանի սահմանային անվտանգության համար անցյալ տարի ԱՄՆ-ի օգնության աճին զուգահեռ աճել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության բյուջեն՝ 2018թ. 90 միլիոնից 2019թ. դառնալով 116 միլիոն դոլար։ Բացի այդ, անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը պաշտպանութան նախարարությունից ստանձնել է հայ-ադրբեջանական առաջնագծի վերահսկման պարտականությունների մի մասի պատասխանատվությունը՝ թույլ տալով, որ դրա արդյունքում այդ ռազմական ուժերը տեղակայվեն ադրբեջանա-հայկական շփման գծի այլ հատվածներում:

ԱՄՆ-ի օրենքը, որ հայտնի է Ազատության աջակցության ակտի 907 բաժին, արգելում է աջակցություն տրրամադրել Ադրբեջանին, բացառությամբ այն դեպքերի, երբ դա «կարևոր է Ադրբեջանի սահմանային անվտանգության համար» և չի խոչընդոտի կամ խանգարի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցային գործընթացին կամ օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»:

Սահմանապահ ծառայության որոշ էլեմենտներ, որոնք կառավարում էին իսրայելական արտադրության Harop հարձակողական դրոնները, մասնակցել են 2016 թ. ապրիլյան պատերազմին՝ սպանելով 15 հայ կամավորների ևզինծառայողների։ Ավելին, ԱՄՆ-ի կողմից վերապատրաստում անցած 52-րդ հատուկ ջոկատայինների բրիգադից և 641-րդ ռազմածովային հատուկ ռազմական միավորի անձնակազմերը կենտրոնական դեր են ունեցել 2016 թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ և քաղաքացիական ու զինվորական անձնակազմի դեմ վայրագություններ իրականացրել:

Չնայած շփման գծում իրավիճակը 2016-ից ի վեր հիմնականում հանգիստ է, հրադադարի պարբերական խախտումները շարունակական բնույթ են կրում: Հուլիսի 16-17-ը ադրբեջանական ուժերը կրակ են բացել Հայաստանի Վայոց ձորի մարզի Ելփին և Չիվա սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Read the article in English