19 հուլիս, 2019 16:55

Ընդդիմադիր «Ռուսթավի-2»-ն անցնում է Իվանիշվիլիի հավատարիմին

Eurasianet.org կայքում հոդվածագիր Գիորգի Լոմսաձեն գրում է Վրաստանում ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաընկերության սեփականության իրավունքների համար պայքարի մասին։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը ուղի է հարթել, որ վրացական «Ռուսթավի-2»-ի իշխանամետ նոր սեփականատերը վերահսկողություն հաստատի երկրի ամենադիտվող լրատվականի և գլխավոր ընդդիմադիր ձայնի վրա։

Հուլիսի 18-ին Ստրասբուրգում գտնվող դատարանը չեղյալ է հայտարարել Վրաստանի դատարանի՝ «Ռուսթավի-2»-ը դրա նախկին սեփականատեր, գործարար Կիբար Խալվաշիին հանձնելու մասին որոշման սառեցումը։ Ցանցի ղեկավարությունը պնդում է, որ Խալվաշիի՝ հեռուստաընկերության հետ կապված մտադրությունները իշխող Վրացական երազանք կուսակցության ծրագրի մասն են իր գլխավոր լրագրողական հակառակորդին լռեցնելու համար։ Նա նաև ասել է, որ «Ռուսթավի-2»-ի ղեկավարությունը պատրաստվում է պայքարել սեփականության իրավունքի փոփոխության համար։

«Ռուսթավի-2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան մամուլի ասուլիս է տալիս զինվորական հագուստով։ Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան այդ կետի մասին հայտարարեց դատավճռից հետո արդեն իր երկրում տեղի ունեցած մամուլի ասուլիսին՝ կրելով զինվորական հանդերձանք։ «Պատահական չէ, որ զինվորական հագուստ եմ կրում։ Սա միջազգային իրողություն է․ եթե նրանց ուզածը պատերազմ է, պատերազմ էլ կստանան»,- ասաց Գվարամիան։  

Գվարամիան ասել է՝ չի թողնելու, որ Վրացական երազանք կուսակցության միլիարդատեր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին պաշտոնափոխություն անի և ալիքը լռեցնի։ Նա Խալվաշիին անվանել է զինվոր Իվանիշվիլիի ձեռքում, որին շատերը համարում են Վրաստանի ետնաբեմի իրական ուժ, որը կառավարության բոլոր ճյուղերում իր հավատարիմ մարդկանց բարձր պաշտոնների է նշանակում։ 

«Ռուսթավի-2»-ը, որը վերջերս միջազգային մեծ ալիք էր բարձրացրեց, երբ հեռարձակման գլխավոր ժամի հաղորդավարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին գռեհիկ արտահայտություններ էր թույլ տվել, վաղուց է պայքարում Խալվաշիի՝ սեփականության իրավունքի պահանջների դեմ։ Գործարարը պնդում է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խորամանկության է դիմել իր՝ մեծ մաս կազմող բաժնեմասը գնելու համար։ Գվարամիան Սաակաշվիլիի նախագահության ժամանակ նախարար էր և հավատարիմ է մնում երկրից արտաքսված նախագահին։ 

«Ռուսթավի 2»-ի գործը անցավ ՄԻԵԴ-ին 2017-ին, երբ հեռուստաալիքի ներկայիս ղեկավարությունը պարտվեց Խալվաշիին Թբիլիսիի քաղաքային դատարանում և սպառեց բողոքարկելու ներքին բոլոր ատյանները։ ՄԻԵԴ-ին ուղղված իր բողոքարկման մեջ «Ռուսթավի-2»-ը կասկած տակ էր առել Վրաստանի դատական համակարգի անկախությունը և պնդել, որ դատարանի՝ Խալվաշիի օգտին կայացրած բոլոր վճիռները քաղաքական դրդապատճառներ են ունեցել։ 

Բողոքարկումից հետո ՄԻԵԴ-ը, մինչև քննվի հեռուստաալիքի պահանջը՝ Վրաստանի առաջին ատյանի, վերաքննիչ և գերագույն դատարանների կանխակալության մասով հեռուստաալիքի բողոքը, չեղյալ հայտարարեց Թբիլիսիի դատարանի որոշումը, որով վերականգնվում էր Խալվաշիի սեփականության իրավունքը և ժամանակավոր սառեցվում «Ռուսթավի-2»-ի ակտիվները։ Հիմա՝ ավելի քանի երկու տարի անց, ՄԻԵԴ-ը մերժում է «Ռուսթավի-2»-ի պահանջները և դադարեցնում դրանց քննությունը։ Դատարանը մասնավորապես գտնում է, որ կանխակալության մասին բոլոր հայտարարությունները, բացի մեկից, եղել են անհիմն կամ ոչ համոզիչ։ Դատարանը բացատրել է, որ Վրաստանի բարձրագույն դատարանը  նույնիսկ միակ «վիճելի պնդումը՝ գործում մի դատավորի անկողմնակալության պակասի մասին», պատշաճ կերպով հաշվի է առել և մերժել։ 

ՄԻԵԴ-ը նաև նշել է, որ «Ռուսթավի-2»-ի սեփականատերերը Վրաստանում դատավարության ընթացքում մի քանի տարբեր դատավորների դեմ ինքնաբացարկի փորձեր են արել՝ «հավանաբար դատական իշխանությունը կաթվածահար անելու համար»։ Եվրոպական դատարանը նաև ասել է, որ Գվարամիան մեդիայում «առանց առիթի և վտանգավոր հարձակումներ է արել սեփականատիրության իրավունքի գործում մասնակից ներքին դատավորների և Վրաստանի դատական համակարգի դեմ ընդհանրապես»։ 

«Ռուսթավի 2»-ը և մասնավորապես Գվարամիան հայտնի են Վրացական երազանքի և Իվանիշվիլիի հանդեպ ունեցած իրենց ծաղրական վերաբերմունքով։ Սակայն հեռուստաալիքը կառավարությանը քննադատող վերջին ամրոցն է։ Ազգային լրատվական նույնամասշտաբ մեկ այլ ցանց՝ Imedi-ն, դրան հակառակ, սովորաբար մեդիա-հետազոտողների կողմից որպես իշխանությանը ծառայող շնիկ է դիտարկվում։  

Խալվաշին ՄԻԵԴ-ի որոշումը ընդունել է որպես մեծ հաղթանակ և երդվել «Ռուսթավի 2»-ի խմբագրական աշխատանքին չխառնվել, սակայն պնդում էր, որ Գվարամիան պիտի գնա։ Գործարարը ծրագրում է Գվարամիային իր իրավաբան Փաաթա Սալիայով փոխարինել։ «Ռուսթավի 2»-ի լրատվական անձնակազմի անդամները բացատրության մեջ ասել են, որ չեն հավատում Խալվաշիի խոստումներին։ «Մենք վստահ ենք, որ Խալվաշին ներկայացնում է Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը»,- ասել են նրանք։ 

Գվարամիան պնդում էր, որ Խալվաշին չի կարող չեղարկել «Ռուսթավի 2»-ի հետ ունեցած իր պայմանագիրը, և ՄԻԵԴ-ի որոշման գոնե մի մասը բողոքարկելու հնարավորություն դեռ կա։ Ըստ նրա՝ սեփականության անհապաղ փոխանցումը Խալվաշիին անօրինական է, սակայն ՄԻԵԴ-ի որոշման օրը Վրաստանի հանրային ռեգիստրը Խալվաշիին արդեն գրանցել էր որպես հեռուստաընկերության օրինական սեփականատեր։

Թարգմանությունը Լուսինե Վարդանյանի