19 հուլիս, 2019 12:48

Հրաժեշտ Թիֆլիսին․ Հայաստանի առաջին կառավարության ժամանումը Երևան

1918 թվականի այս օրը՝ հուլիսի 19-ին, Հայաստանի առաջին կառավարությունը և առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին, ժամանեցին Երևան։

Երևանի պարետ՝ զինվորական հրամանատար, Արշավիր Շահխաթունին գրում է. «Ժամը երեքին Աբովյան պողոտայի սկզբից մինչև Սուրբ Սարգիս կանգնած էին վաշտեր: Արամը [Մանուկյան] հասավ ինքնաշարժով և հաղորդեց, թե կառավարությունը գալիս է: Մի քանի րոպեից  գլխավոր պողոտայի անկյունից երևաց կառավարական խումբը ինքնաշարժերով: Ես հրամայեցի. «Հանդիսավոր տողանցք. Պատրա՛ստ. Հանդա՛րտ. պատվի ա՛ռ»: Եվ մերկացնելով իմ սուրն ու ինձ հետ ունենալով հեզելազորից հիսուն հոգի` մոտեցա կառավարության կազմին: Ես խոնարհեցի իմ սուրը Հայաստանի նախարարապետի առջև, մինչդեռ իմ ձին բարձրացած էր երկու ոտքի վրա: Ես ասացի. «Ձերդ գերազանցություն, որպես Հայաստանի մայրաքաղաքի զինվորական հրամանատար, ողջունում եմ Ձեր գալուստը: Ես անսահման երջանիկ եմ, որ դարերից հետո առաջին սպան եմ, որ խոնարհեցնում է իր սուրը իր կառավարության առջև: Այս վայրկյանիս ես հպարտությամբ դնում եմ սուրս իր պատյանի մեջ և դուրս կհանեմ այն ժամանակ, երբ Դուք հրամայեք պաշտպանել մեր աննման հայրենիքը»: Քաջազնունին շատ հուզված պատասխանեց և համարյա զսպում էր իր արտասուքը: Այսպես եղավ Հայաստանի առաջին կառավարության մուտքը Երևան»:

Թիֆլիսում ձևավորված Հայաստանի առաջին կառավարությունը և Հայոց ազգային խորհուրդը դժկամությամբ տեղափոխվեցին Երևան: Խորհրդի անդամները, Սիմոն Վրացյանի խոսքերով, «չէին ուզում բաժանվել Թիֆլիսից», իրար հաջորդող նիստերում տեղի էին ունենում բուռն վիճաբանություններ, «շատերի համար Երևան գնալը անհանդուրժելի էր»: Երևան տեղափոխվելու հարցը կտրուկ կերպով դրվեց Ազգային խորհրդի ու կառավարության միացյալ նիստում: ՀՅԴ-ն պահանջում էր, որ Ազգային խորհուրդն ու կառավարությունը ամբողջ կազմով անմիջապես մեկնեն Երևան: Հայ ժողովրդական կուսակցությունը առաջարկում էր Երևան ուղարկել պատվիրակություն և կազմել տեղական կառավարություն, իսկ Հայոց ազգային խորհուրդը, որպես համազգային մարմին, պահել Թիֆլիսում: Սոցիալիստ հեղափոխականները առաջարկում էին, որ Ազգային խորհուրդն ու կառավարությունը մեկնեն Երևան, այնտեղ կազմեն Հայաստանի տեղական իշխանություն, որից հետո Ազգային խորհուրդը կրկին վերադառնա Թիֆլիս ու Կովկասի այս հարուստ քաղաքում մնա իբրև «ընդհանուր ազգային իշխանություն»: Սոցիալ դեմոկրատները սկզբում կողմնակից էին Երևան տեղափոխվելուն, սակայն կարճ ժամանակ անց սկսեցին «տատանվել»: 

Քաջազնունին հրաժարվեց վարչապետի պաշտոնից։ Նրա համար անընդունել էր Թիֆլիսից Հայաստան կառավարելը։ Արամը, ով փաստացի ղեկավարում էր Հայաստանի Հանրապետությունը, հունիսի 26-ին Երևանի Հայոց ազգային խորհրդի անունից նամակ-վերջնագիր էր ուղարկել Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդին․ «Ամենքը զարմանում են ձեր անտարբերության վրա. ամբողջ ամիս է խաղաղության դաշինք եք ստորագրել [Արամը նկատի ուներ Հայաստանի և Օսմանյան կայսրության միջև Բաթումում հունիս 4-ին ստորագրված Հաշտության և բարեկամության պայմանագիրը – Թ․ Հ․] այս երկրի համար, սակայն այս դժբախտ երկիրն այդ դաշնագրի իսկական պատճենը մինչև օրս չունի․․․ Ներքին անարխիան սոսկալի չափեր է ընդունել: Հարկավոր է շուտափույթ իշխանություն կազմակերպել և գործի անցնել: Մինչև հիմա այդ չենք արել, շարունակ սպասել ենք ձեզ, իսկ դուք չկաք ու չկաք: Եթե այս նամակը ձեր ձեռքը հասնելու օրից հաշվելով երկու շաբաթվա ընթացքում դուք Երևան չհասնեք, դուք այս երկրի ներկայացուցիչները չեք»։ 

Քաջազնունին, ով Երևան տեղափոխվելու ջերմեռանդ կողմանկիցն էր, հայտարարեց, որ եթե Ազգային խորհուրդը մնա Թիֆլիսում, ապա ինքը կհրաժարվի վարչապետությունից: Յոթ կողմ և հինգ դեմ քվեով Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ու կառավարությունը որոշում ընդունեցին փոխադրվել Երևան:

Հուլիսի 17-ին նրանք Թիֆլիսից մեկնեցին Երևան: Սանահին կայարանից սկսած երկաթուղին թուրքերի ձեռքում էր, Ալեքսանդրապոլով անցնելը` վտանգավոր: Որոշվեց Թիֆլիսից անցնել Աղստաֆա, ապա Դիլիջանով հասնել նորաստեղծ հանրապետության փոշոտ ու աղքատ մայրաքաղաք Երևան: Մեկնողների մեջ էին Քաջազնունին, Խաչատուր Կարճիկյանը (ֆինանսների նախարար), զորավար Հովհաննես Հախվերդյանը (զինվորական նախարար, անկուսակցական), Ազգային խորհրդի անդամներ: Նրանց հետ Երևան էին մեկնում նաև երկու գերմանացի ու մի թուրք սպա:

Եթե վրացիները Երևան մեկնող Հայաստանի ապագա ղեկավարներին անգամ ճանապարհելու չէին եկել Թիֆլիսի կայարան, ապա թաթարները, այսօր՝ ադրբեջանցիներ, ջերմ ընդունելություն ցույց տվեցին հայ նախարարներին՝ վարչապետ Քաջազնունու գլխավորությամբ, երբ վերջիններս հասան Աղստաֆա կայարան։

ՀՅԴ-ական Արտաշես Բաբալյանը, ով Թիֆլիս-Աղստաֆա գնացի մեջ էր, «Հայրենիք» ամսագրում գրել է. «Վրաց կառավարությունը ցույց տվեց կոպիտ և անքաղաքավարի վերաբերմունք: Ժամանակին վագոններ չտրվեցին, արգելեցին Ազգային խորհրդի մի քանի հին ու խարխլված ավտոմոբիլները վերցնել մեզ հետ: Երկար բանակցություններից հետո միայն թույլատրեցին մի քանի անհրաժեշտ իրեր և ինքնաշարժեր գնացքի մեջ բարձրացնել: Վրաց իշխանության ներկայացուցիչներից ոչ ոք հրաժեշտի չէր եկել: Հայ հասարակությունը միանգամայն անտարբեր էր: Ջերմ ընդունելության հանդիպեցինք Ղազախում` Ադրբեջանի իշխանության կողմից»։ 

Նույն գնացքով Երևան մեկնող մեկ էլ այլ երևելի ՀՅԴ-ական, ապագա վարչապետ Սիմոն Վրացյանը իր «Հայաստանի Հանրապետությունը» կոթողային գործում գրել է․«Ինչքա՜ն տարբեր էր վերաբերումը Ադրբեջանում։ Սահմանի վրա հայկական կառավարությունն ընդունվեց զինվորական պատիվներով․ ընդառաջ էին եկել նահանգապետը և Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները։ Աղստաֆայում և Ղազախում տրվեց պաշտոնական ընդունելություն․ ճաշ էր պատրաստված ի պատիվ հյուրերի։ Թուրք գյուղացիները համակրանքով էին դիմավորում հայ ներկայացուցիչներին, որոնք մինչև Հայաստանի սահմանն անցան բարեկամական ցույցերի միջից»։

«Շատ սիրալիր ընդունեցին մեզ Ադրբեջանի սահմաններում՝ Փոյլի կայարանում: Վագոն է մտնում գավառապետի օգնականը և Գանձակի նահանգապետի կողմից ողջունում է Ազգային խորհրդին, որը երկու օր սպասել է Ազգային խորհրդին և հետո վերադարձել Գանձակ: Միևնույն ժամանակ հայտնում է, որ Ղազախում գիշերելու համար պատրաստված է առանձին տեղ: Ազգային խորհուրդը և կառավարությունը որոշում են գիշերել գնացքում: Փոյլի կայարանում մի քանի ճառեր արտասանվեցին և Ազգային խորհրդի գալու առթիվ նվագում էր սազանդարանների խումբը»,- գրել է «Աշխատանքի դրոշակ» թերթը 1918թ․ հուլիսի 25-ի համարում։

Ղազախից պատվիրակությունը ավտոմեքենաներով հասնում է Քարվանսարա (Իջևան), երեկոյան` Դիլիջան: Դեռ Թի‎ֆ‎լիսում վարչապետի թեկնածուներ էին առաջադրվել Քաջազնունին ու Խատիսյանը, իսկ կառավարությունը պետք է լիներ ոչ միակուսակցական: Սակայն Ժողովրդականները պահանջեցին վարչապետի պաշտոնը` առաջարկելով Միքայել Պապաջանյանի թեկնածությունը: Նրանք ասում էին, որ թուրքերը ՀՅԴ-ի նկատմամբ վստահություն չունեն և դժվարություններ կստեղծեն: Քաջազնունին արտգործնախարարի պաշտոնը առաջարկեց ժողովրդականներ Պապաջանյանին և Սամսոն Հարությունյանին, սակայն հաջորդաբար երկուսն էլ հրաժարվեցին: Քաջազնունուն այլ բան չէր մնում, քան կազմել կառավարություն անհատական սկզբունքով: 

Հայաստանի առաջին Հանրապետության առաջին կառավարությունն ուներ չորս նախարար` Արամ Մանուկյան (ներքին գործեր), Ալեքսանդր Խատիսյան (արտաքին գործեր), Հովհաննես Հախվերդյան և Խաչատուր Կարճիկյան: Բոլորը, բացառությամբ Հախվերդյանի, դաշնակցականներ էին: