26 հուլիս, 2019 20:28

Ավետարանչական ընկերակցությունը և «Դասավանդի՛ր, Հայաստանը»-ը՝ հանուն սահմանամերձ Կիրանցի 

«Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը» և «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպությունը կհամագործակցեն Տավուշի մարզի Կիրանց գյուղում, ինչի նպատակով հուլիսի 26-ին ստորագրել են պայմանագիր։ 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցիչը Ավետարանչական ընկերակցության համատեղ ֆինանսավորմամբ կաշխատի այս համայնքի հիմնական դպրոցում և ակտիվորեն կնախաձեռնի համայնքային զարգացման և ներազդեցության ծրագրեր։ 

Կազմակերպությունների տարածած հաղորդագրությունում նշվում է․

«2014 թ․ մեկնարկեց վեց հեղինակավոր կազմակերպություններից կազմված Կոնսորցիումի գործունեությունը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ։ Ներկայումս Կոնսորցիումին անդամակցում են՝ «Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը» (ԱՀԱԸ), «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, «Հայաստանի Մանուկներ Հիմնադրամը» (COAF), «Զարգացման սկզբունքներ»-ը, «Հայ Օգնության Ֆոնդը»,  «Վորլդ Վիժն Հայաստան»-ը, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը (ԴՀ), «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի      հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը», «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը» (AGBU), «Հայկական Կարիտաս»-ը և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը: 

Կոնսորցիումի համագործակցության առաջին փուլում ԴՀ հատուկ վերապատրաստումն անցած ինֆորմատիկայի ուսուցիչը ԱՀԱԸ ֆինանսավորմամբ Ճամբարակի շրջանի  Մարտունի համայնքում երկու տարի շարունակ ակտիվ աշխատանքներ կատարեց՝ ինչպես դպրոցական ծրագրի, այնպես էլ արտադպրոցական և համայնքային ծրագրերի մակարդակով: Արտադասարանային աշխատանքի շրջանակներում ստեղծվեցին առաջնորդության, ծրագրավորման, անգլերենի սիրողական խմբակներ: Արդյունքում դպրոցում ձևավորվեց փոխհարաբերությունների նոր մշակույթ, և դպրոցական կյանքն աննախադեպ զարգացում ունեցավ։

2018թ․ սկսվեց Կոնսորցիումի համատեղ գործունեության նոր փուլը՝ Տավուշի մարզի Նավուր և Կիրանց սահմանամերձ համայնքներում աշխատելու համար։ Հաշվի առնելով նախորդ համայնքում ԴՀ ուսուցչի ունեցած մեծ ներազդեցությունը՝ ԱՀԱԸ և ԴՀ համագործակցությունը կշարունակվի նաև Տավուշի մարզի Կիրանց համայնքում, ուր սեպտեմբեր ամսից կգործուղվի ԴՀ կողմից վերապատրաստված ռուսաց լեցվի ուսուցիչը և կիրականացնի ինչպես տվյալ առարկայի դասապատրաստում, այնպես էլ համայնքային ներազդեցության բազմակողմանի ծրագրեր։ 

Այս նպատակով 2019թ․ հուլիսի 26-ին Կոնսորցիումի անդամ երկու կազմակերպությունները հանդիսավոր կերպով ստորագրեցին Տավուշի մարզի Կիրանց համայնքում իրենց համագործակցության պայմանագիրը, ըստ որի ԴՀ ուսուցիչը ԱՀԱԸ և ԴՀ համատեղ ֆինանսավորմամբ կաշխատի այս համայնքի հիմնական դպրոցում և ակտիվորեն կնախաձեռնի համայնքային զարգացման և ներազդեցության ծրագրեր»։