29 հուլիս, 2019 11:58

Կասեցվել են դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները 

Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։ Հաղորդագորթյան մեջ մասնավորապես ասվում է. 

«Հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։ Բարձրագույն դատական խորհուրդը, 2019 թվականի հուլիսի 26-ին քննելով միջնորդությունը, լսելով ինչպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․ Հարությունյանին, այնպես էլ դատավոր Դ․ Գրիգորյանին, որոշել է ներկայացված միջնորդությունը երկու դրվագներով բավարարել, իսկ մեկով՝ մերժել։ Որոշումը հրապարակվել է 2019թ. հուլիսի 27-ին։ Ելնելով վերոգրյալից՝ օրենքի ուժով կասեցվել են նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները»։

Դավիթ Գրիգորյանը հայտնի է Մարտի 1-ի անջատված գործից։ Նա այն դատավորն էր, որն ամիսներ առաջ երաշխավորությամբ կալանքից ազատեց ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին և կասեցրեց քրեական գործի վարույթը։ 

Դատավորի լիազորությունները կասեցվել են մեկ այլ գործով։ Մասնավորապես քրեական գործ է հարուցված առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ։

Գևորգ Թոսունյան