30 հուլիս, 2019 15:52

«Սանիթեքը» մտքափոխվել է ու ասել, թե ինչու էր ուզում Թբիլիսի գնալ

«Սանիթեք» ընկերությունը ասուլիս կտա ոչ թե Թբիլիսիում, ինչպես ծրագրում էր, այլ Երևանում։ Հուլիսի 29-ին ընկերությունը տեղեկացրել էր, որ պատրաստվում է հուլիսի 31-ին ասուլիս տալ Թբիլիսիում և դրա համար պատրաստվում էր Երևանից լրագրողներ տեղափոխել Վրաստանի մայրաքաղաք։ 

Այսօր տարածած հաղորդագությունում ընկերությունը պարզաբանել է, թե ինչու էին ասուլիսն ուզում անցկացնել Հայաստանից դուրս. «Չունենք երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի և ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ»։

««Սանիթեք» ընեկերության միակ մտահոգությունն ու նպատակը կենտրոնացումն է այն խնդիրների վրա է, թե մենք այսօր ինչու հասանք այս կետին և թե ինչ պետք է արվի, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել ստեղծված իրադրությունը: «Սանիթեք» ընկերության համար ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա մնում է կարևոր հետևյալը` ներկայացնել հստակ փաստեր, թվեր և ներկայացնել ճշարտությունն այս ողջ պատմության: Որոշումը Թբիլիսիից մամուլի ասուլիսն իրականացնելու միակ ճանապարհն էր «Սանիթեք» ընկերության տնօրինության համար անձամբ ներկայացնելու խնդիրը` ելնելով քաղաքացիների և Երևան քաղաքի հանդեպ ունեցած հարգանքից և վերաբերմունքից, քանի որ նրանց ներկայությունը Երևանում այս փուլում ցանկալի չէ` չունենք երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի և ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ»,- ասված է ընկերության հաղորդագրությունում։

2018-ի «Թավշյա հեղափոխությունից» հետո «Սանիթեքի» և Երևանի քաղաքապետարանի միջև գնալով խորացան տարաձայնությունները քաղաքի աղբահանության խնդրի հետ կապված։ 2018-ի օգոստոսին քաղաքապետարանը 12 մլն դրամով տուգանեց ընկերությանը՝ աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար, իսկ այս տարվա մայիսին՝ 26 մլն դրամով։ 

Զուգահեռաբար «Սանիթեքն» է դատական հայցեր ներկայացրել քաղաքապետարանի դեմ։ Երկու տարբեր հայցերով ընկերությունը պահանջում է «չմատուցված ծառայությունների համար» վճարել շուրջ 65 մլն դրամ։ 

Գևորգ Թոսունյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի