30 հուլիս, 2019 14:30

ԱՄՆ-ից Հայաստան դրամական փոխանցումներն աճել են, Ռուսաստանից՝ նվազել

2019թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած դրամական փոխանցումներն աճել են շուրջ 9,3%-ով` կազմելով 391,47 մլն ԱՄՆ դոլար. այս մասին ասվում է Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի հրապարալած տեղեկագրում։

Կենտրոնն անդրադարձել է 2018-2019 թթ. առաջին եռամսյակի դրամական փոխանցումների հոսքերի դինամիկային:

Նշվում է, որ 2019թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած դրամական փոխանցումներն աճել են շուրջ 9,3%-ով` կազմելով 391,47 մլն ԱՄՆ դոլար, սակայն 3%-ով կրճատվել են ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումները` կազմելով կազմելով 49,98%։

Սա, ըստ կենտրոնի, նշանակում է, որ ԱՄՆ-ից և այլ երկրներից ստացվող դրամական փոխանցումների հանրագումարը գերազանցել է ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումների հանրագումարին: Այլ երկրներից ստացվող դրամական փոխանցումներն աճել են 23,3%-ով, իսկ ԱՄՆ-ի դեպքում`29,7%-ով:

ՌԴ-ից դրամական փոխանցումների կրճատումը որոշակիորեն պայմանավորված է նաև հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլու՝ 16,2% արժեզրկմամբ:  Ուշագրավ է, որ 2008-2018 թթ. ինչպես տարեկան, այնպես էլ առաջին եռամսյակի կտրվածքով, ՌԴ-ից ՀՀ մուտք եղած փոխանցումների մասնաբաժինը ներհոսքի կառուցվածքում երբեք 50%-ից ցածր չի եղել: Առաջին եռամսյակի կտրվածքով նվազագույն ցուցանիշը գրանցվել է  2016թ.՝ 50,11%, տարեկան ցուցանիշի դեպքում նվազագույն արժեքը ևս արձանագրվել է 2016թ.՝ կազմելով 58,51%:

Ուսումնասիրվող ժամանակահատվածում դրամական փոխանցումների արտահոսքն ավելացել է 4,83%-ով` կազմելով 286,62 մլն ԱՄՆ դոլար: Քանի որ ներհոսքը գերազանցել է արտահոսքին, զուտ ներհոսքը եղել է դրական (ՌԴ-ի, ԱՄՆ-ի և այլ երկրների կտրվածքով)` կազմելով 104,84 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ ցուցանիշը գերազանցում է 23,51%-ով: Արտահոսքը հիմնականում աճ է արձանագրել դեպի  ՌԴ և ԱՄՆ ուղարկվող դրամական փոխանցումների դեպքում (աճը կազմել է համապատասխանաբար` 18,2% և 7,2%), մինչդեռ այլ երկրների դեպքում արտահոսքը կրճատվել է 7,3%-ով:  

Վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ Հայաստան եկող դրամական փոխանցումների կառուցվածքում ՌԴ-ի մասնաբաժինը եղել է նվազագույնը

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում դրամական փոխանցումների ներհոսքի աճ է գրանցվել, որի կառուցվածքում վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ  ՌԴ-ի մասնաբաժինը եղել է նվազագույնը: Ներհոսքն ուղեկցվել է ավելի մեծ չափերի հասնող արտահոսքով, որը միջնաժամկետ հատվածում կարող է հանգեցնել տնտեսական ակտիվության անկման:  

Սկզբնաղբյուրը՝ Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն