30 հուլիս, 2019 13:19

Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը օրենքով չնախատեսված գործողությամբ է կնքվել․ ԲԴԽ

Գլխավոր դատախազությունն ու Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հայտարարություններ են տարածել առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի գործի վերաբերյալ։ (Գրիգորյանի դեմ քրեական գործ է հարուցվել պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով)։ 

Բարձրագույն դատական խորհուրդը նշում է, որ «քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնքվել է դատավոր Դ. Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը, ինչով սահմանափակվել է վերջինիս մուտքն իր աշխատասենյակ»:

ԲԴԽ-ն, տեղեկացնելով, որ խորհուրդին է դիմել դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ հայտնելով նկատառումներ իր աշխատասենյակում իրականացված առգրավման, խուզարկության, ինչպես նաև աշխատասենյակի դուռը կնքելու և աշխատասենյակ մուտք գործելու հնարավորությունը սահմանափակելու իրավաչափության վերաբերյալ:

Խորհուրդ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարին և ստացել պատասխանը: 

««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանն ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Վերոգրյալի արձանագրմամբ` Բարձրագույն դատական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել վարույթն իրականացնող մարմնի կողմից հիշյալ գործողությունն իրականացնելու կապակցությամբ և միջնորդել ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ»,- նշվում է ԲԴԽ-ի հայտարարությունում։

Դատախազությունը պնդում է՝ «դատավորը գործին է կցել իրականությանը չհամապատասխանող արձանագրություններ» 

ՀՀ գլխավոր դատախազությունն իր հերթին հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ դատավորի վարույթում գտնվող գործերից մեկով «դատական նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմել, ստորագրել և դատական գործին է կցել իրականությանը չհամապատասխանող՝ դատական նիստի թղթային արձանագրություններ»։ 

Գլխավոր դատախազության պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է.

«Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ դատավորը 2018թ. սեպտեմբերի 11-ին իրեն մակագրված բողոքի վերաբերյալ դատական գործով բողոքի քննությունը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում սկսված ցույց տալու անձնական դրդումով 2018թ. սեպտեմբերի 14-ին ժամը 09.30-ին, չգտնվելով դատարանի շենքում, դատական նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմել, ստորագրել և դատական գործին է կցել իրականությանը չհամապատասխանող՝ դատական նիստի թղթային արձանագրություն՝ իբրև նշված օրը ժամը 09.30-09.36-ը դատական նիստ անցկացնելու մասին՝ դրանում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ առ այն, թե իբր, դատական նիստին չեն ներկայացել պատշաճ ծանուցված բողոքաբերը, նախաքննության մարմնի և դատախազության ներկայացուցիչները, որի հիմքով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր:

Ընդ որում, պարզվել է, որ նույն օրը և նույն ժամին մեկ այլ նիստերի դահլիճում դատական նիստ անցկացնելու վերաբերյալ դատավորի կողմից, դարձյալ նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմվել է այլ դատական գործով դատական նիստի դարձյալ թղթային կեղծ արձանագրություն: Ուշագրավ է այն փաստը, որ հիշյալ երկու արձանագրությունները կազմվել են պարզ թղթային եղանակով, այն դեպքում, երբ օրենքի ուժով դատական նիստի արձանագրությունը նման եղանակով կարող է կազմվել բացառապես դատարանում նիստերի ձայնագրման համակարգ չլինելու դեպքում: Ընդ որում՝ որևէ տվյալ ձեռք չի բերվել նշված նիստերի դահլիճներում առկա ձայնագրման էլեկտրոնային համակարգերի խափանման վերաբերյալ»:

ԲԴԽ անդամը քրեական գործի մասին

Հուլիսի 29-ին ՍիվիլՆեթի հյուրը ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն էր։ Նա վստահեցնում էր, որ այս գործընթացները որևէ առնչություն չունեն Մարտի 1-ի անջատված գործի հետ։ Դավիթ Գրիգորյանը մայիսի կասեցրել էր այդ գործի վարույթը և Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի երաշխավորությունների հիման վրա կալանքից ազատել այդ գործով անցնող առանցքային մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

 Գևորգ Թոսունյան