30 հուլիս, 2019 15:46

Ինչպես Մոսկվայի ցույցերը կփոխեն Ռուսաստանի իշխանությանը

Մոսկվայի Կարնեգի կենտրոնի փորձագետ Տատյանա Ստանովայան հոդվածում վերլուծում է, թե մոսկովյան բողոքի ցույցերն ինչպես կարող են փոխել Ռուսաստանի իշխանությանը։

Մոսկվայի բողոքի ցույցերը լուրջ մարտահրավեր են դառնում համակարգի համար: Եթե ներքին քաղաքականության կուրատորները չգտնեն իրավիճակը լիցքաթափելու քաղաքական գործիքներ, ապա ներքին քաղաքականության հարցերով կսկսեն զբաղվել ուսադիրներով մարդիկ՝  իրենց սեփական մեթոդներով: Այդ դեպքում հետապնդումների զոհ կարող են դառնալ ոչ միայն ընդդիմադիրները, այլև իշխանության ներսում գտնվող մարդիկ, որոնց կհամարեն կասկածելի մեղմ՝ ռեժիմի թշնամիների նկատմամբ: Հենց սա ի վերջո կարող է որոշել 2024 թվականի նախօրեին իշխանության անցման ուղղությունը։

Ռուսական ոչ համակարգային ընդդիմությունը պայքարի նոր փուլ է մտել, որպեսզի Կրեմլը իրեն ճանաչի որպես քաղաքական իրականության էական մաս։ Մի քանի տարի այն մարգինալ և անգործունակ էր թվում, բայց այժմ նախաձեռնողականությունն իր ձեռքն է վերցրել և իր օրակարգն է թելադրում: Կրեմլը կարծես թե չգիտի՝ ինչպես վարվել հակառեժիմային ընդդիմության հետ, որն ի վիճակի է համախմբել փողոցային ռեսուրսը: Հուլիսի 27-ի հանրահավաքի ճնշումն ու ակտիվիստների քրեական հետապնդման նոր փուլը ակնհայտորեն խաղադրույք է խնդրի լուծման կոշտ սցենարի վրա․ թերևս հնարավոր է 2012-ի «Բալոտնայայի գործընթացի» փորձառության կրկնություն:

Ոչ համակարգայինները՝ համակարգի ներսում

Մինչև 2017 թվականը ոչ համակարգային ընդդիմությունը Կրեմլի համար նկատելի խնդիր չէր: Դրա ամենավառ ներկայացուցիչ Ալեքսեյ Նավալնին գործում էր ակնհայտ սահմանափակումների ներքո ՝ թույլ հանրային աջակցություն (ռուսաստանյան հեռուստաալիքներով ուռճացված արևմտամետ հանցագործի կերպար), էլիտաների կողմից նրա նկատմամբ զգուշավոր վերաբերմունք (վախ առաջնորդության ավտորիտար ոճի առաջ), սուր մրցակցություն հենց լիբերալ ճամբարում (կասկածներ իշխանության հետ կապերի մեջ): Իսկ մնացած ակտիվիստները դաշնային քաղաքականության մասշտաբով անտեսանելի էին թվում։

Իրավիճակը սրվեց այն փաստով, որ Սերգեյ Կիրիենկոն, որը 2016-ին դարձավ ներքին քաղաքականության կուրատորը, ոչ համակարգային ակտիվիստներին ոչ միայն բացասաբար էր վերաբերվում, այլև արհամարհում էր։ Նա վերջիններիս չէր ընդունում որպես քաղաքական գործիչներ, համակարգի ներսում որևէ տեղի արժանի կերպարներ:

Իշխանությունը հուսալիորեն պաշտպանված էր ոչ համակարգային տարրերի ներթափանցումից։ Մունիցիպալ զտիչը, ստորագրահավաքները, գրանցման մերժումը. այս բոլորը հուսալի փական էին կախում ռեժիմի ամրոցի վրա: Սակայն 2017-ին պարզ դարձավ, որ ամրոցի պատերի մեջ կա երկու բաց: Առաջինը փողոցային ցույցերն են, որոնց քանակը դարձել է կարևոր գործոն: Երկրորդը ՝ Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունները, որոնց նշանակությունը կառավարության համար մունիցիպալ բարեփոխումների պատճառով կտրուկ նվազել էր, ինչը նշանակում է, որ նվազել էր նաև վերահսկողությունը ՝ ոչ համակարգային ընդդիմությանը հնարավորություն ընձեռելով մուտք գործել քաղաքային խորհուրդ։   

2017-ի սեպտեմբերին Մոսկվայում ընդդիմության մոտ երկու հարյուր թեկնածու  դարձավ քաղաքային դումայի պատգամավոր, ինչը Ռուսաստանի քաղաքական կյանքում լրիվ նոր երևույթ էր: Իշխանությունը թույլ էր տվել ոչ համակարգային տարրերի նման լեգիտիմացումը ՝ թերագնահատելով քաղաքային կառավարման նշանակությունը ՝ որպես ինքնավար քաղաքական գործունեության հարթակ:

Քաղաքային ընտրություններում տարած հաղթանակները, զուգակցվելով տասնյակ հազարավոր մարդկանց փողոց դուրս բերելու հնարավորության հետ, սկսեցին ոչ համակարգային ընդդիմությունը վերածել համակարգային գործոնի, որի կարևորությունը Կրեմլը շարունակում է չընդունել: Եվ սա է հակադրության հիմնական պատճառը, որը ծագել է Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում:

Պատասխանատվության ցանց

Իշխանության ներսում ձևավորվել է կոնսենսուս՝ ոչ համակարգային ընդդիմությանը չպետք է թույլատրվի մասնակցել ընտրություններին, և ցանկացած չարտոնված ցույց պետք է ցրվի: Իբր թե Պուտինը 2013 թվականին Մոսկվայում կայացած քաղաքապետի ընտրություններում Նավալնիի ունեցած հաջողությունից հետո պահանջեց, որ Սոբյանինը և Վոլոդինը վերջ տան նմանատիպ փորձերին: Այն ժամանակ Նավալնիի 27% -ը, իհարկե, դարձավ դառը խրատ և նախազգուշացում բոլոր նրանց, ովքեր թույլ էին տալիս ոչ համակարգային ընդդիմության լեգիտիմացումը:

Այնուամենայնիվ, մարտավարական հարցերում իշխանության մեջ մնում են տարաձայնություններ։  Կարելի՞ է թույլ տալ ընտրություններին մասնակցել լիբերալներին, որոնք մոտ են ոչ համակարգային ընդդիմությանը, բայց պատրաստ են բանակցել։  Թույլատրե՞լ ընդդիմության հանրահավաքները: Բանակցություններ վարե՞լ։ Անտեսե՞լ, թե՞ ճնշել: Ցրե՞լ, թե՞ բանտ նստեցնել։ Եվ հիմնական հարցն այն է, թե ով է պատասխանատու ներկայիս կոնֆլիկտի և դրա հետևանքների համար:

Այժմ ոչ համակարգային ընդդիմության խնդիրը Կրեմլը և մոսկովյան իշխանությունները միմյանց վրա են նետում ՝ չհասկանալով, թե ում գլխացավանքն է սա: Կրեմլը ցանկանում էր, որ քարոզարշավը անցնի հանգիստ և անաղմուկ, քանի որ մայրաքաղաքում ցանկացած քաղաքական կոնֆլիկտ ինքնաբերաբար անցնում է Կրեմլի կուրատորների պատասխանատվության տակ:

Ինչպես գիտեք, անաղմուկ չստացվեց: Այժմ նախագահի աշխատակազմը կարծում է, որ կոնֆլիկտ կարող էր և չլինել, եթե ամեն ինչ ի սկզբանե ավելի կենտրոնացված և կառավարելի լիներ: Քաղաքապետարանը, իր հերթին, վստահ է, որ ամեն ինչ արել է ըստ ծրագրի և իրեն այդ հարցում բողոքներ չպետք է լինեն։ Վեճին, թե ով է մեղավոր, միանում են ուժայինները, համոզված լինելով, որ քաղաքացիական իշխանությունները, ընդհանուր առմամբ, չափից շատ են ժողովրդավարություն խաղացել, երբ ոչ համակարգային ընդդիմությանը պետք էր վաղուց և շատ կոշտ ճնշել։ 

Ի վերջո, այստեղ ավելանում են ձայներ Վյաչեսլավ Վոլոդինի ճամբարից, որոնք քննադատում են Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինին՝ մոսկովյան ընտրությունները տապալելու համար: Մոսկվայի քաղաքապետը վաղուց գտնվում է վարչապետի հավանական թեկնածուների շարքում, հետևաբար նաև Վլադիմիր Պուտինի հավանական իրավահաջորդների շարքում, ուստի զարմանալի չէ, որ նրանք, ովքեր գետն այլ հունով են ուզում ուղղորդել, փորձում են օգտվել իրավիճակից:

Ներկայիս կոնֆլիկտում չգրանցված թեկնածուները միակ զոհը չեն: Սերգեյ Սոբյանինը գտնվում էր իր դեմ ուղղված կոշտ արշավի կենտրոնում, հիմնականում տելեգրամ  ալիքներում, որտեղ նրա համար կանխատեսում էին տապալում, մաքրումներ և ընդհուպ նրա թիմի քրեական հետապնդում: Այն վարկածը, որ Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում ներկայիս սկանդալը նախապես ծրագրված հակասոբյանինյան սադրանք է, ունի իր ազդեցիկ երկրպագուները:

Սոբյանինը, որպես հավանական իրավահաջորդ, իրոք կարող է նյարդայնացնել շատերին. նա չափազանց ինքնուրույն է և կարևորագույն խաղացողների համար նմանապես միանշանակ յուրային չի ընկալվում: Հիմա նա խոցելի է, և տարօրինակ կլիներ, եթե դրանից չօգտվեին իշխանափոխության այլ ծրագրեր ունեցողները:

Ուժայիններ - կուրատորներ

Իշխանության ներսում նման խառնաշփոթը արդյունքն է այն փաստի, որ առկա ճգնաժամից հեշտ ելք չկա: Մի կողմից, իրավիճակը դժվար թե լուծվի առանց զիջումների, մյուս կողմից, զիջումները այստեղ կարող են լինել միայն ընդդիմության թեկնածուների գրանցման ձևով, ինչը բացարձակապես անընդունելի է Կրեմլի համար: Զիջումների անհնարինությունը իշխանություններին դատապարտում է ոչ միայն բողոքի ցույցերի կոշտ ճնշմանը, այլև քաղաքացիական իշխանության կողմից նախաձեռնողականության կորստին. այն անցնում է ուժայինների ձեռքը:

Հուլիսի 20-ի հանրահավաքից հետո իշխանությունները որոշեցին հետևել կոշտ սցենարին: Հուլիսի 27-ի հանրահավաքը ճնշվեց և ցրվեց, ընդդիմության առաջնորդները ձերբակալվեցին: Իրավիճակին միանում են Դաշնային անվտանգության ծառայության՝ սահմանադրական կարգի պաշտպանության ծառայությունն ու ահաբեկչության դեմ պայքարի ծառայությունը, ինչն ուղեկցում է ընտրական հանձնաժողովների գործունեությունը խոչընդոտելու գործեր: Ընդդիմության առաջնորդներին կանչում են հարցաքննության, խուզարկություններ իրականացնում նրանց գրասենյակներում։  Նավալնիին կալանավորում են 30 օրով։

Ներկայիս դիմակայության հետևանքները կարող են հանգեցնել լայնածավալ քրեական գործընթացների, ինչը նման կլինի 2012 թվականին ընդդիմության լայնածավալ հետապնդմանը: Սակայն տարբերությունն այն է, որ 2012 թվականի ամռանը ընդդիմադիր շարժումը գտնվում էր անկման պայմաններում, իսկ իշխանությունը համախմբված և կայուն էր: Այժմ Ռուսաստանը մուտք է գործել անորոշության մի շրջան, երբ Կրեմլը սկսել է տանուլ տալ ընտրությունները և կորցնել դաշնային օրակարգը որոշելու հարցում իր նախաձեռնողականությունը: Այս դեպքում լայնածավալ քրեական հետապնդումը այլևս չի վախեցնի, այլ ավելի կահագնացնի բողոքը և կընդլայնի նրա սոցիալական բազան:

Վլադիմիր Պուտինի իներցիոն գործող ռեժիմը պատրաստ չէ և ադապտացված չէ ոչ համակարգային ընդդիմության հետ երկխոսությանը, հակապուտինյան ուժերի ՝ որպես քաղաքականապես լեգիտիմ ուժի ճանաչմանը:

Այս դեպքում բողոքի ցույցերը լուրջ մարտահրավեր են դառնում համակարգի համար: Ի վերջո, եթե ներքին քաղաքականության կուրատորները չգտնեն իրավիճակի լիցքաթափման համար անհրաժեշտ քաղաքական գործիքներ, ապա նրանց փոխարեն ներքաղաքական հարցերով կսկսեն զբաղվել (և դե ֆակտո արդեն սկսել են) համազգեստավորները՝ քաղաքական կայունության սպառնալիքների հարցերը իրենց ձևով լուծելով։ Այդ դեպքում հետապնդումների զոհ կարող են դառնալ ոչ միայն ընդդիմադիրները, այլև իշխանությունների ներսում գտնվող մարդիկ, որոնք կասկածելի մեղմ մոտեցում են ցուցաբերում ռեժիմի թշնամիների նկատմամբ: Սա այն է, ինչը, ի վերջո, կարող է որոշել 2024 թվականի նախօրեին իշխանության անցման ուղղությունն ու բնույթը:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի