30 հուլիս, 2019 10:53

2024-ից հետո Պուտինին նախագահի աթոռին տեսնել ցանկացողների թիվը նվազել է

Ռուսաստանցիների 38 տոկոսը չէր ցանկանա Վլադիմիր Պուտինին տեսնել նախագահի պաշտոնում 2024-ից հետո․ այս մասին են վկայում ռուսաստանյան «Լևադա կենտրոնի» հարցման արդյունքները, որոնց մասին գրում է «Վեդոմոստի» թերթը։

Վերջին մեկ տարվա ընթացքում Պուտինին նախագահի պաշտոնում չտեսնել ցանկացողների թիվը աճել է 11 տոկոսային կետով։ 2012-ի հոկտեմբերին և 2013-ի հոկտեմբերին այդ ցուցանիշը կազմել էր համապատասխանաբար 40 և 45 տոկոս։

«Լևադա կենտրոնի» հարցման մասնակիցների 54 տոկոսը կցանկանային Պուտինին թողնել նախագահի պաշտոնում 2024-ից հետո, երբ լրանում է նրա նախագահության վերջին ժամկետը՝ ըստ Սահմանադրության։ Պուտինին 2024-ին նախագահի պաշտոնում ամենաշատը ցանկացել էին տեսնել 2017-ի օգոստոսին՝ 67 տոկոս։

Հարցին դժվարացել է պատասխանել մասնակիցների 8 տոկոսը։ Ըստ «Լևադա կենտրոնի»՝ դա ռեկորդային ցածր ցուցանիշ է, նախկինում այդ ցուցանիշը 14-26 տոկոսի սահմաններում էր։

Ռուսաստանցիների 43 տոկոսը վստահում է Պուտինին, քանի որ չի տեսնում, թե ուրիշ էլ ում հետ կարող է հույս կապել․ այսպիսի պատասխանների մասնաբաժինը 2001-ից ի վեր հասել է առավելագույնի։

Միևնույն ժամանակ, հարցվածների ընդամենը 24 տոկոսը հույս ունի, որ նախագահը հետագայում կարող է գլուխ հանել երկրի խնդիրներից․սա ամենացածր ցուցանիշն է 19 տարվա ընթացքում։

Մարիա Եղիազարյան