30 հուլիս, 2019 15:38

Menu Group-ը գնել է Ուկրաինայի սննդի առաքման առաջատար Eda.ua ընկերությունը

Menu Group հայկական արմատներով միջազգային ընկերությունը, որին պատկանում են Menu.am, Menu.ge և Menu.by առաքման ծառայությունները Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում համապասխանաբար, հայտարարել է ուկրաինական առաջատար ընկերության՝ Eda.ua-ի ձեռք բերման մասին: 

2017թ. ընկերությունը ներգրավել է 3 մլն ԱՄՆ դոլլար ռուսական առաջատար առաքման ծառայության հիմնադրի և մի քանի այլ վենչուրային ֆոնդերից, որոնք ուղղվել են ընկերության զարգացման և նոր պրոդուկտի (կայք և բջջային հավելվածներ) մշակման վրա։ Առաջիկա երկու տարիների ընթացքում ընկերությունը պատրաստվում է ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլլար ներդնել Ղազախստանում, Մոլդովայում, Ուզբեկստանում և Ղրղզստանում առաքման ծառայություններ հիմնելու համար։

Այսօր Menu Group-ը միավորում է ավելի քան 2000 ռեստորան Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում։ Հայաստանում ոլորտի առաջատար Menu.am-ը առաքումներ է իրականացնում ավելի քան 400 ռեստորաններից և մասնագիտացված խանութներից` արդեն 6,5 տարի։ Տարեվերջին, Menu Group-ը ծրագրում է իր GMV ցուցանիշը (համախառն առևտրի ծավալը)  հասցնել 35 մլն ԱՄՆ դոլլարի, ինչպես նաև հասնել եկամտի պլանային ցուցանիշի՝ 10 մլն ԱՄՆ դոլլարի չափով։ 

Ուկրաինայում ծառայությունը հավատարիմ է մնալու աշխատանքի հիբրիդային մոդելին՝ ինքնուրույն առաքելով պատվերները 10 քաղաքներում և աշխատելով որպես առևտրային հարթակ ևս 19 քաղաքներում` աստիճանաբար տեղափոխելով Eda.ua-ի 1500-ից ավել գործընկերներին իր սեփական պլատֆորմ՝ Menu.ua։

«Մեզ համար շատ կարևոր է, որ առաջին քայլերն անելով Հայաստանում յոթ տարի առաջ՝ մեր հայկական փոքրիկ ստարտափը հասավ այնպիսի ընկերություն կլանելու հնարավորության, որը առաջատար է 45 միլիոն բնակչություն ունեցող երկրում և մատուցում է ծառայություն 29 քաղաքներում։  Այսօր Ուկրաինայում պատրաստի սննդի առաքման շուկայի ծավալները արագ աճում են՝ տարեկան առնվազն 20%-ով։ Eda.ua-ի թիմի հետ ծրագրում ենք դարձնել առաքումն ավելի մատչելի և ամրապնդել մեր դիրքերը ուկրաինական շուկայում», — ասել է Menu Group-ի հիմնադիր Վահան Քերոբյանը։

Մարիա Եղիազարյան