31 հուլիս, 2019 10:15

Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել

Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Այս տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։ Նա հավելեց, որ դատավորն իրեն առաջադրած մեղադրանքը չի ընդունում։

«Դավիթ Գրիգորյանը մեղադրանքն անհիմն է համարում։ Խափանման միջոց դեռևս չի ընտրվել»,- հաղորդեց Երվանդ Վարոսյանը։

Դավիթ Գրիգորյանը նույն դատավորն է, որի վարույթում է գտնվել Մարտի 1-ի անջատված գործը։ Այս տարվա մայիսին դատավոր Գրիգորյանը Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորագրերի հիման վրա կալանքից ազատել էր այդ գործով անցնող առանցքային մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և կասեցրել քրեական գործի վարույթը։

Հատուկ քննչական ծառայությունում, սակայն, քրեական գործ է հարուցվել պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով։ Դատախազությունը պնդում է, որ քրեական գործը որևէ առնչություն չունի Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու և Մարտի 1-ի գործի վարույթը կասեցնելու որոշումների հետ։

Գևորգ Թոսունյան

Կարդացե՛ք նաև՝

Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը օրենքով չնախատեսված գործողությամբ է կնքվել․ ԲԴԽ