31 հուլիս, 2019 11:51

Կառավարությունն առաջարկում է ներդնել «հիփոթեքային արձակուրդ» 

Կառավարությունն առաջարկում է օրենսդրորեն ամրագրել հիփոթեքային արձակուրդից օգտվելու վարկառուների իրավունքը և դրա իրացման պայմանները։ Ըստ գործադիրի՝ այս ինստիտուտի ներդնումը «կթեթևացնի կյանքի որոշակի դժվար իրավիճակներում հայտնված անձանց վարկային բեռը»: Նախագիծը դեռևս հանրային քննարկման փուլում է։ Այն մշակել է ֆինանսների նախարարությունը և հուլիսի 30-ին հրապարակել e-draft.am կայքում։ 

«Նախագծի ընդունման դեպքում «հիփոթեքային արձակուրդից» օգտվելու դեպքում վարկը, վարկի դասակարգումը չի փոխվի, տույժեր և տուգանքներ չեն գանձվի, ինչպես նաև դա որևէ կերպ չի արտացոլվի վարկային պատմությունում: Վարկատուների շահերը կշարունեն մնալ պաշտպանված անշարժ գույքի գրավով, կանխավճարով, ինչպես նաև լրացուցիչ ռեզերվ ստեղծելու անհրաժեշտության բացակայությամբ»,- ասված է նախագծում։

Փաստաթղթի հեղինակները հիմնվել են միջազգային փորձի վրա։ 

Մեծ Բրիտանիայում բոլոր բանկերի կողմից քաղաքացիների առանձին խմբերի համար նախատեսվում է հիփոթեքային արձակուրդ՝ մինչև 12 ամիս տևողությամբ: Գերմանիայում գործում են վճարումների հետաձգման հատուկ ծրագրեր: Իռլանդիայում դժվարին իրավիճակում (շտապ վերանորոգում, ուսումնառություն, հղիություն, ծննդաբերություն և այլն) հայտնված վարկառուներին հիփոթեքային արձակուրդներ տրամադրվում են բոլոր բանկերի կողմից: Հիմնական գումարի մարումները կարող են հետաձգտվել մինչև 6 ամիս ժամկետով, իսկ տոկոսագումարները՝ մինչև 12 ամիս ժամկետով: Ֆրանսիայում աշխատանքը կորցրած և այլ դժվարություններ ունեցող վարկառուների համար նախատեսված է վճարումների հետաձգման հնարավորություն ցանկացած տեսակի, այդ թվում՝ հիփոթեքային վարկի դեպքում: Այդ արտոնյալ ժամանակահատվածը կարող է լինել առավելագույնը 24 ամիս: 2019 թվականից հիփոթեքային արձակուրդի տրամադրման վերաբերյալ օրենսդրական փաթեթ է ընդունվել նաև ՌԴ-ում։

Ըստ ֆինանսների նախարարության՝ «կյանքի դժվարին իրավիճակներում» հայտնված վարկառուներին տրվելու է հիփոթեքային արձակուրդ վերցնելու մեկանգամյա հնարավորություն։

Գևորգ Թոսունյան