31 հուլիս, 2019 12:10

Ռուսաստանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի Կովկասի մերձակայքում

Ռուսաստանը օգոստոսին նախատեսում է լայնածավալ զորավարժություններ անցկացնել Կովկասի տարածաշրջանի մերձակայքում, ինչը համընկնում է 2008-ի վրաց-ռուսական պատերազմի 11-րդ տարելիցին։

Չորեքշաբթի Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ օգոստոսի 6-ից 16-ը Հարավային ռազմական շրջանի Օդային և հակահրթիռային պաշտպանության ուժերի 4-րդ բանակից ավելի քան 100 ինքնաթիռ և ուղղաթիռ կմասնակցեն Ռուսաստանի հարավում լայնածավալ զորավարժություններին։

Օդային գործողությունները կիրականացվեն Ղրիմից մինչև Կասպից ծով, Աբխազիայից մինչև Աստրախանի շրջան: Զորավարժությունների առաջին փուլի ընթացքում ռուսական ավիացիան ետ կմղի «հակառակորդի» գրոհները Ռոստովի և Կրասնոդարի շրջաններում և Ղրիմում, այնուհետև կտեղափոխվի Աստրախանում, Ստավրոպոլում և Հյուսիսային Օսիայում գտնվող օպերացիոն աերոդրոմներ :

Ռազմական զորավարժությունների երկրորդ փուլի ընթացքում ռուսական ինքնաթիռները կհարձակվեն պայմանական հակառակորդի վրա Ղրիմում, Կուբանի շրջանում, Ստավրոպոլում, Աստրախանի շրջանում և Սև ու Կասպից ծովերի օդային տարածքում:

Ըստ զորավարժությունների սցենարի, Ռուսաստանի ավիացիան ետ կմղի նաև նավային հրթիռների հարձակումը ՝ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի վեց ռազմական նավերի հետ միասին։

Գրեթե նույն ժամանակ լայնածավալ զորավարժություններ է անցկացնում նաև Վրաստանը՝ Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների զինվորականների մասնակցությամբ։ 

Զառա Պողոսյան