2 օգոստոս, 2019 15:47

Սանիթեքը Երևանի քաղաքապետարանին կարճաժամկետ և երկարաժամկետ առաջարկներ է անում

Սանիթեք ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ օգոստոսի 2-ին, տեղի ունեցած մամուլի  ասուլիսի ընթացքում ընկերության տնօրենի կողմից ներկայացվել է երկու առաջարկություն` կարճաժամկետ և երկարաժամկետ, որ «շահեկան կլինեն բոլոր կողմերի համար և կլուծեն ստեղծված իրավիճակը»:

Որպես կարճաժամկետ լուծում՝  ընկերությունն առաջարկում է մեկտեղել ջանքերը՝ օգտագործելով քաղաքապետարանի կողմից արդեն իսկ ձեռք բերված աղբատար մեքենաները և աղբադույլերը: Ընկերությունը վստահ է, որ ջանքերի մեկտեղումն ու համատեղ աշխատանքը կբերեն այս իրադրության հանգուցալծուման:

Որպես երկարաժամկետ լուծում` ընկերությունը պատրաստակամություն է հայտնում անմիջապես իրականացնել նոր ներդրումներ` նոր աղբատար մեքենաներ և աղբադույլեր գնելու համար, հնարավորինս արդիականացնել եղած ավտոպարկը, ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքներ`թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու համար և Երևանի քաղաքապետարանին ներկայացնել հորիզոնական մոնիթորինգի համակարգը և վերակառուցել առկա ֆինանսական պարտավորությունները:

Այս ամենը հնավոր կլինի կյանքի կոչել, եթե քաղաքապետարանն ապահովի անհրաժեշտ պայմանները: Դրանք են

1․ Մշակել և ներդնել աղբի կառավարման քաղաքականություն և գործողությունների ծրագիր, այդ թվում`

  • Նուբարշենի աղբավայրի ենթակառուցվածքների զարգացում
  • թափոնների հեռացման լայնածավալ քաղաքականության ներդրում
  • թափոնների հեռացման քաղաքականության վերահսկման կարողությունների ուժեղացում

2․ Վերանայել պայմանագրերի արժեքը` ունենալով փորձագիտական եզրակացություն, որը կգնահատի «Սանիթեք»-ի կողմից մատուցվող ծառայությունների առևտրային արժեքը,

3․ Վերանայել պայմանագրերի պայմանները,

4․ Ետ վճարել մինչ այս իրականացված տուգանքները։ 

Երկուշաբթի օրը, որպես միջազգային արբիտրաժի գործընթացում առաջին քայլ, «Սանիթեք» ընկերությունը կսկսի նախարբիտրաժային նամակագրական շփումը ՀՀ կառավարության հետ` ասելով, որ ընկերությունը չի փակում որևիցե մի դուռ քաղաքապետարանի հետ բանակցությունները շարունակելու, որպեսզի հնարավոր լինի գտնել փոխադարձ ընդունելի լավագույն լուծում, որը կլինի լավագույնը բնակչության համար: