2 օգոստոս, 2019 14:13

Մեր երկրում խնդիրների լուծման դաշտը փողոցը չէ. Վիտալի Բալասանյան

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասնյանի գրասենյակը Ֆեյսբուքում գարածել է ներքաղաքական խնդիրների մասին Բալասանյանի հայտարարությունը։ «Մեր երկրում խնդիրների լուծման դաշտը փողոցը չէ, ուստի ընտրություններից հետո, անկախ զբաղեցրած պաշտոնից, կրկին շարունակել եմ իմ ծառայությունը՝ իմ բաժին ներդրումն ունենալով Արցախի զարգացման գործում»,- ասել է նա։ 

«Այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում մեր երկրի ներքաղաքական կյանքում, կարծում եմ, անտարբեր չի թողել և ոչ մեկին: Ավելին, մեր համաքաղաքացիների հետ իմ ամենօրյա հանդիպումներից ու շփումներից ստացած տրամադրությունները միայն մտահոգությունների տեղիք են տալիս: Առաջին անգամ այս հող ու ջրի իսկական տերերը մի խումբ բախտախնդիրների պատճառով ոչ միայն երկրում սահմանադրական կարգի տապալման, այլև պետության և պետականության գոյության կորստի իրական վտանգ են տեսնում: 

Թող անհամեստություն չլինի, բայց 2012թ. ժողովրդի վստահության քվեի շուրջ մեկ երրորդը ստացած նախագահի թեկնածուս արդյո՞ք չէր կարող հանրային դժգոհությունների ալիքն ուղղորդել հանրահավաքների և ցույցերի կազմակերպմանը, թե՞ առիթ գտնելն էր դժվար: Չենք արել, քանի որ շատ լավ գիտակցել ենք դրա վտանգավոր հետևանքներն ու մեր պատասխանատվության աստիճանը, քանի որ դա չէր 1988թ. Արցախյան Շարժման նպատակը, դրա համար չէինք մի կտոր չոր հաց կիսելով 1991-94 թթ. ազգային-ազատագրական պայքար մղում: Քանի որ հարգել ենք ժողովրդավարական արժեհամակարգով պետություն կառուցելու մեր բոլորի հավաքական կամքը, ոչ թե պաշտոնակռիվ տալու անհեռանկար ճանապարհը: Մեր երկրում խնդիրների լուծման դաշտը փողոցը չէ, ուստի ընտրություններից հետո, անկախ զբաղեցրած պաշտոնից, կրկին շարունակել եմ իմ ծառայությունը՝ իմ բաժին ներդրումն ունենալով Արցախի զարգացման գործում: 

Եվ այսօր ոչ ոք իրավունք չունի մարտահրավերները խառնելու ու քաղաքացիական նախաձեռնությունների տակ առաջ մղելու սեփական քաղաքական ամբիցիաները՝ փորձելով խաթարել ներքին միասնականությունը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես և իմ գաղափարակից ընկերները դա թույլ չենք տալու և, անհրաժեշտության դեպքում, դիմելու ենք կոշտ միջոցների: Հանուն ներքին կայունության ապահովման՝ մենք մինչև վերջ կանգնելու ենք իշխանության և պետականության կողքին:

Արցախում քաղաքական բոլոր պրոցեսները պետք է ուղղված լինեն լեգիտիմ իշխանության ձևավորմանը, որի համար լավագույն միջոցը կարող են հանդիսանալ միայն ազատ, արդար և հավասար պայմաններով կազմակերպված ընտրությունները»- ասել է Վիտալի Բալասանյանը: