2 օգոստոս, 2019 13:49

Սանիթեքը պնդում է՝ պատրաստ է անմիջապես 4 մլն դոլարի ներդրում կատարել 

Սանիթեքը պատրաստ է անիմջապես կատարել 4 մլն դոլարի ներդրում՝ նոր աղբատարեր և աղբադույլեր գնելու համար և վերականգնել առկա ֆինանսական պարտավարությունները․ այս մասին այսօր Երևանում հրավիրված ասուլիսին հայտարարեցին ընկերության ներկայացուցիչները։

Լիբանանյան ընկերության տնօրեն Նիկոլաս էլ Թավիլը, որն ավելի վաղ ծրագրել էր ասուլիս տալ Թբիլիսիում, երևանյան ասուլիսին մասնակցում էր տեսակապով։ 

Սանիթեքի ներկայացուցիչները նշեցին, որ ընկերությունն ունի մի շարք առաջարկներ Երևանի քաղաքապետարանին, որոնց կատարման պարագայում պատրաստակամ է շարունակել իր աշխատանքները Երևանում։ 

Նիկոլաս Էլ Թավիլի խոսքով՝ ավելի արդյունավետ կլինի աշխատանքը այն դեպքում, եթե քաղաքապետարանի հետ միավորեն ջանքերը՝ «փոխանակ մեդիայում Սանիթեքի դեմ քարոզչություն անելուն»։

«Մենք պատրաստ ենք տարեկան 500 աղբաման ձեռք բերել և հնարավորինս արդիականացնել եղած ավտոպարկը։ Պատրաստ ենք ներդնել կորպորատիվ կառավարման  սկզբունքներ՝ թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու համար և Երևանի քաղաքապետարանին ներկայացնել հորիզոնական մոնիտորինգի համակարգը»,- ասաց նա։

Սանիթեքը պնդում է, որ այս ամենը հնարավոր կլինի միայն մեկ պարագայում՝ եթե քաղաքապետարանը համաձայնի իրականացնել Նուբարաշենի աղբավայրի ենթակառուցվածքների զարգացումը, մշակի և ներդնի աղբի քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացում, ետ վճարի անօրինական ճանապարհով իրականացրած տուգանքները։ 

Նիկոլաս էլ Թավիլը նշում է, որ այս առաջարկները  շատ անգամ ներկայացրել են Երևանի քաղաքապետարանին և, եթե կարողանան գտնել մեկ գլոբալ լուծում, ապա համասեփականատերերը և բանկը պատրաստ են ևս մեկ ներդրում կատարել։ 

Սանիթեքի ներկայացուցիչները պնդում են, որ ընկերությունը տևական ժամանակ է, ինչ ենթարկվում է ագրեսիվ վարչական ճնշումների, որոնցից մեկը Սանիթեքի դեմ այս տարվա փետրվարին հարցուցված քրեական գործն է։

Սանիթեքի դեմ քրեական գործի մասին

«Քրեական գործը անօրինական է և անհիմն, որը քաղաքապետարանի կողմից բազմաթիվ փորձերից մեկն է սպառել Սանիթեք ընկերության ֆինանսական ռեսուրսները և անարդար ու խտրական ձևով մասնավոր ներդրողից սեփականությունը բռնագրավել իշխանության կողմից՝ ելնելով հասարակության շահերից»,- ընդգծում  է Նիկոլաս էլ Թավիլը։ 

Ընկերության փաստաբան Արմեն Հարությունյանը ներկայացրեց քրեական գործի մանրամասները և ասաց, որ հարկերից խուսափելու հիմքով է այն հարցվել։ Նա նշեց, որ 290 մլն դրամ հարկերի մասին է խոսքը, որ ենթադրվում է, թե չի վճարվել։

Նա մանրամասնեց, որ Սանիթեքը, օգտվելով Օտարերկրյա ներդրումների մասին օրենքից, դիմել է ՊԵԿ-ին, կառավարությանը և հայտնել Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում իրենց ներդրումները ռիսկի տակ հայտնվելու հնարավորության մասին։ Սանիթեքը դիմել է, որպեսզի իր նկատմամբ շարունակի կիրառվել Ազատականացված վճարների մասին օրենքը։ 

Ըստ փաստաբանի՝ ստացել են պատասխան, որ կարող են երաշխիքներից օգտվել, ինչից հետո ընկերությունը գործունեությունը շարունակել է։ 2018 թ․ հեղափոխությունից հետո Սանիթեքը կրկին դիմել է նույն խնդրով և կրկին ստացել դրական պատասխան։   

Սակայն հիմա, ըստ Հարությունյանի, ենթադրաբար տեսել են, որ օտարերկրյա Ներդրումների մասին օրենքը կիրառելի չէ Սանիթեքի նկատմամբ։

Սանիթեք ընկերությունը համարում է, որ իր դեմ մեդիա արշավ է սկսվել 2018-ից, երբ հեղափոխության ժամանակ աղբը հեշտ տեսենելի էր, և Սանիթեքը դարձավ քաղաքական քարոզարշավի թիրախ։ 

«Սկսեցին շահարկումներն ընդհուպ այն մասին, որ նախորդ իշխանությունը Սանիթեքում ունի մասնաբաժին ու շահ, և այդ օրերին Սանիտեքի աշխատանքը սաբոտաժի էր ենթարկվում։ Մենք ևս մեկ անգամ պնդում ենք, որ չունենք որևէ քաղաքական պատկանելություն»,- ասաց փաստաբանը։

Երկուշաբթի ընկերությունը պատրաստվում է սկսել արբիտրաժային շփումը ՀՀ կառավարության հետ՝ որպես միջազգային արբիտրաժի գործընթացում առաջին քայլ։  

Աստղիկ Գաուդյան