6 օգոստոս, 2019 11:48

11 նպատակ մինչև 2050-ը՝ ըստ Նիկոլ Փաշինյանի

Օգոստոսի 5-ի երեկոյան Ստեփանակերտում հրավիրված հանրհավաքին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի քան մեկ ժամանոց ելույթ ունեցավ՝ խոսելով Հայաստանի, Արցախի ու հայության խնդիրների ու նպատակների մասին։ Ելույթում նա ներկայացրեց նաև «ռազմավարական նպատակադրումների աշխատանքային տարբերակ, խնդիրներ, որոնք Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանա լուծել մինչև 2050 թվականը»։ 

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները.

- Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու։

- Ստեղծել 1,5 միլիոն աշխատատեղ, լուծել 2,5 միլիոն մարդու զբաղվածության հարցը և վերացնել աղքատությունը։

- Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը։

- Ունենալ 10 մլրդ ԱՄՆ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10,000 աշխատող ստարտափ։

- 7-ապատկել միջին աշխատավարձը։

- Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում։

- Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը:

- Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը 20-ապատկել։

- Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը 20-ապատկել։

- Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի։

- Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը։

Համոզված եմ՝ հիմա ձեզնից շատերը հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է և վերջ:

Մարիա Եղիազարյան