7 օգոստոս, 2019 09:38

Արցախում մեկնարկել են Համահայկական 7-րդ խաղերը

Ստեփանակերտում՝ Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, օգոստոսի 6-ին կայացել է  Համահայկական ամառային յոթերորդ խաղերի հանդիսավոր բացման արարողությունը։

Բացման արարողության ժամանակ թատերական ներկայացմամբ պատմվել է հայոց պատմության մասին՝ հեթանոսությունից քրիստոնեություն, Հայկ նահապետից Տիգրան Մեծ, Արցախյան ազատամարտից մեր օրեր:

Այնուհետ պատվո շքախմբի ուղեկցությամբ մարզադաշտ են բերվել Արցախի և Հայաստանի պետական դրոշները, որից հետո էլ սկսվել է պատվիրակությունների շքերթը։ Դրան մասնակցել են տարբեր քաղաքների հարյուրավոր մարզիկներ: Համահայկական 7-րդ խաղերում ամենամեծ պատվիրակությունն ունի Երևանի թիմը` 373 մարզիկ:

Համահայկական խաղերի բացման արարողության մասնակցել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հանդես եկել ելույթով․ 

«Մենք հավաքվել ենք Արցախում՝ վայելելու, զգալու մեր միասնության ուժը, հասկանալու, որ մենք անպարտելի ենք, երբ միասնական ենք։ Մենք հավաքվել ենք արձանագրելու, որ ունենք պատմություն, որ ունենք ինքնություն, որ ունենք պետականություն և ունենք կամք՝ մեր ժողովրդի հազարամյա հաղթական երթը նոր հազարամյակներով շարունակելու։ Այսօր մենք հավաքվել ենք հզոր և անկոտրում մեր կամքը, մեր հաղթանակի կամքը, մեր ապրելու, ստեղծագործելու, մեր պետականությունը զարգացնելու կամքը բարձրաձայնելու։ Այսօր Համահայկական յոթերորդ խաղերի հազարավոր ներկայացուցիչներ դաստիարակելու, հզորացնելու և զարգացնելու են մեր ժողովրդի հաղթելու կամքը և հմտությունը»,- իր խոսքում ասել է վարչապետը։

Համահայկական ամառային յոթերորդ խաղերը տեղի են ունենալու օգոստոսի 5-17-ը՝ Հայաստանում և Արցախում։ Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերն կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը Երևանում:

Խաղերին մասնակցում են պատվիրակություններ 35 երկրից և 161 քաղաքից։ Ընդհանուր առմամբ՝ մարզական պատվիրակների թիվը հասնում է մոտ 5 300-ի։ Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։

***

Համահայկական խաղերի 20-ամյակը