8 օգոստոս, 2019 14:12

Երևանի աղբահանության ծախսերը կավելանան 1,7 մլրդ դրամով․ ինչպես

Երևանի ավագանին օգոստոսի 9-ին արտահերթ նիստ կգումարի։ Օրակարգի հարցերից մեկն աղբահանության մասին է։ Քաղաքապետարանը ցանկանում է ավելացնել «Աղբահանություն և սանիտարական մաքրում» ծրագրով նախատեսված գումարներն ավելի քան 1,7 մլրդ դրամով։

Նույն նախագծից տեղեկանում ենք, որ այս ավելացումն իրականացվելու է մի շարք ծառայությունների նվազեցման հաշվին։ Մասնավորապես՝ նախագծով նախատեսվում է վարչական մասի պահուստային ֆոնդը նվազեցնել 1,6 մլրդ դրամով, իսկ ֆոնդային մասի պահուստային ֆոնդը՝ 35 մլն դրամով։

Փոխարենը, վարչական և ֆոնդային մասերը հավասարակշռելու նպատակով, նախագծով առաջարկվում է վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումն ավելացնել նվազեցված գումարի չափով, այսինքն՝ տեղի է ունենում հոդվածափոխություն։

Նվազեցվում է նաև նախադպրոցական հաստատությունների՝ մանկապարտեզների հիմնանորոգման և վերանորոգման համար նախատեսված գումարը՝ 91 մլն դրամով, սակայն, ի տարբերություն վերոնշյալ հոդվածափոխության, այս դեպքում պահուստային ֆոնդից որևէ ավելացում նախատեսված չէ։

ՍիվիլՆեթը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ՝ հասկանալու, թե ինչու է այս գործողությունների արդյունքում նվազեցնում մանկապարտեզներին հատկացվող գումարը։ Կարապետյանը վստահեցրեց, որ այդ ծրագիրը չի տուժելու. «Այս տարի հաստատությունների որոշակի մասի նախագծման և շինարարության աշխատանքների մրցույթները կայացել են և ընթացքի մեջ են, սակայն կանխատեսում կա, որ որոշակի մաս մինչև տարվա վերջ չի հասցնի կատարվել, այսինքն՝ այդ 91 մլն դրամը, այդպե թե այնպես, «պարապ մնալու է»։ Որպեսզի համայնքն այդ գումարից օգուտներ քաղի, որոշվել է փոխանցել այն հոդվածին, որտեղ անհրաժեշտությունը քաղաքն ունի, այն է՝ աղբահանությանը»,- ասաց Հակոբ Կարապետյանը՝ շեշտելով, որ այդ գումարն աղբահանությանն ուղղված 1,7 մլրդ դրամի «մի փոքր մասն է»։

Նա նաև վստահեցրեց, որ մանկապարտեզների վերանորոգման և հիմնանորոգման ծրագիրը ոչ մի կերպ չի տուժի այս փոփոխությունից և այն շարունակական է լինելու։

Ինչ վերաբերում է աղբահանությանը, ապա ավելացված գումարները քաղաքապետարանը ուղղելու է տրանսպորտային սարքավորումների ձեռք բերմանը (1,5 մլրդ դրամ) և հնամաշ, այրված կամ ջարդված կոնտեյներները փոխարինելուն (155 մլն դրամ)։

Որոշման նախագծում նշվում է նաև, որ Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում աղբահանության և ձմռան ամիսներին ձնմաքրման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար նախատեսում է ունենալ սանիտարական մաքրման 5, բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային 21 մեքենա, մայթերի ձնահավաք 22 մեքենա, հետևի բարձմամբ 10 աղբատար մեքենա և կոնտեյներների լվացման 3 մեքենա: 

Նախագիծը ավագանու օրակարգում է և դրա ճակատագիրը պարզ կլինի վաղը։


Գևորգ Թոսունյան

Լուսանկարը՝ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից