8 օգոստոս, 2019 11:10

Նարեկ Մալյանին առևանգման փորձի վերաբերյալ գործը մտավ դատարան

«Ռեստարտ» խմբի անդամների դեմ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է։ Նրանք մեղադրվում են առևանգման փորձ կատարելու համար։

Մեղադրանքը առաջադրվել է խմբի՝ 6 անդամներին՝ Դավիթ Պետրոսյանին, Դավիթ Սիմոնյանին, Արամայիս Պետրոսյանին, Գարիկ Միսկարյանին, Հրաչյա Խլղաթյանին և Յուրի Ավագյանին։

Բոլորի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը նույնն է, մասնավորապես ասվում է, որ նրանք «նախնական համաձայնության գալով իրար հետ, խմբի կազմում, 2019-ի մարտի 4-ին` ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեում բռնություն գործադրելով` փորձել են բացահայտ առևանգել Նարեկ Բորիսի Մալյանին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով»։

Ըստ խմբի անդամների՝ նրանք ցանկացել են Նարեկ Մալյանին նետել աղբամանը։ Երիտասարդները իրենց գործողությունները տեսագրել են՝ հավաստիացնելով, որ դա ակցիա է` ուղղված Նարեկ Մալյանի դեմ։ 

Նարեկ Մալյանը նախկինում եղել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականը, ներկայում նա ակցիաներ է իրականացնում «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի դեմ։

Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։

Երիտասարդների նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։


Գևորգ Թոսունյան

 

Մենք տրվել ենք սադրանքի, բայց գիտակցված քայլ ենք արել․ Դավիթ Պետրոսյան