12 օգոստոս, 2019 12:08

Սյունիքի հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են ուժային կառույցների ներկայացուցիչներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը գրառում է արել Մեղրու տարածաշրջանի անտառային հրդեհի մարման աշխատանքների վերաբերյալ:

«Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի Արևիկ ազգային պարկ, այս պահին այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք։

Տեղում աշխատում են շրջակա միջավայրի և արտակարգ իրավիճակների նախարարության, համայնքների և մարզային կառույցների ներկայացուցիչները։ 

Չնայած տեղանքի բարդությանը, նախատեսվում է ներգրավել թրթուրավոր տեխնիկա։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Հ.Գ. Ըստ նախնական վարկածի հրդեհը առաջացել է ճանապարհամերձ տարածքից»,- գրել է Գրիգորյանը։

Օգոստոսի 11-ին՝ ժամը 21:00-ին, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ: Արտահերթ նիստի առիթ է հանդիսացել Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում՝ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին հարակից անտառում բռնկված խոշոր հրդեհը: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է բուսածածկ տարածք, եղևնու և գիհու անտառ, որը գտնվում է խիստ կտրտված և անմատչելի տեղանքում:

«Այս պահին հրդեհն ընդգրկում է ընդհանուր երկու կիլոմետր ճակատային լայնություն և մեկուկես կիլոմետր երկարություն, առկա է նաև տարածման վտանգ:

Կրակի տարածման դեմ պայքարում են հրշեջ-փրկարարները, որոնց միացել են նաև Արևիկ ազգային պարկի աշխատակիցները»,- ասված է արտակարգ իրավիճակների նախարարության՝ օգոստոսի 11-ի ուշ երեկոյան տարածած հաղորդագրության մեջ։