13 օգոստոս, 2019 10:54

Արցախի ՊՆ-ն հորդորում է չհավատալ ադրբեջանական պնդումներին և սպասել քննության ավարտին

Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի վերաբերյալ Ադրբեջանի տարածած տեղեկությունների վերաբերյալ՝ կոչ անելով չհավատալ դրանց և սպասել ընթացող քննության ավարտին։

«Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է ս.թ. օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները: Նշվում է, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիերը ներկայացվում են իբրև նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ:

Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը և սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն և սպասել ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի են լինելու հանրությանը»,- ասված է հաղորդագրությունում:

***

Օգոստոսի 12-ին հայտնի է դարձել, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: