13 օգոստոս, 2019 12:18

Դավիթ Տոնոյանը կարծում է՝ հայ զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է

«Այս փուլում դեռ իրականացվում է հետաքննություն, ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է»,- այսօր Դիլիջանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի մասին:

Մեկնաբանելով ադրբեջանական պնդումները, թե իբր հայ զինծառայողը սահմանը հատել է հրամանատարների կողմից ճնշումների հետևանքով, Տոնոյանը կոչ արեց կուլ չգնալ ադրբեջանական քարոզչամեքենային, առավել ևս՝ չտարածել այդ տեղեկությունները:

«Ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ քայլեր են արվում հայ զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ, Տոնոյանը պատասխանեց, որ աշխատանքները սկսել են, համապատասխան միջազգային կառույցներին դիմել են: Նախարարն ասաց, որ դեռ չի կարող ասել՝ զինծառայողը հոգեբանորեն էլ է մոլորվել, թե ոչ, դա պարզ կլինի աշխատանքի արդյունքում, միաժամանակ կոչ արեց Ադրբեջանի կոլեգաներին՝ տեղեկատվական աշխատանքը դադարեցնել:

***

Օգոստոսի 12-ին հայտնի է դարձել, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Հարցի շուրջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ։ 

Արցախի ՊՆ-ն հորդորել է չհավատալ ադրբեջանական պնդումներին և սպասել քննության ավարտին։